Հետևեք մեզ։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են «Նաիրիտ»-ի տարածքում վտանգավոր քիմիական նյութերի կառավարման վերաբերյալ հարցեր

14:28, 21 նոյեմբեր 2024
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են «Նաիրիտ»-ի տարածքում վտանգավոր քիմիական նյութերի կառավարման վերաբերյալ հարցեր

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սանջայ Սրիվաստավային և Կլիմայի գծով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանին։

Հանդիպմանը մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը։

Ողջունելով հյուրերին՝ ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի պատրաստակամությունը աջակցելու «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանն ուղղված աշխատանքներին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սանջայ Սրիվաստավան կարևորել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ջանքերն ուղղված  «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա խնդիրների կարգավորմանը, այնուհետև անդրադարձ կատարել ստեղծված իրավիճակին և հնարավոր լուծումներին։

Կլիմայի գծով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանը ներկայացրել է Բանկի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ մատնանշելով առաջնահերթությունները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ուժերի մոբիլիզացման, իրավիճակի փորձագիտական վերլուծության, տեղանքային քարտեզագրման և գույքագրված խնդիրների լուծման նպատակով Ծրագրի շրջանակներում միջգերատեսչական համագործակցության խթանման հարցերին։

Ներքին գործերի նախարարության անունից, որպես աջակցող կառույց, պայմանավորվածություն է ձեռք բերվել բոլոր ուղղություններով համագործակցությունն ակտիվորեն  շարունակել։