Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է պետական կառավարման համակարգում տեղի ունեցած կադրային փոփոխություններին: «Հարգելի գործընկերներ, տեղյակ եք, որ մեր նախորդ նիստից ի վեր կադրային որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել: Նախ` ուզում եմ մեր գործընկերներին, ովքեր թողել են իրենց պաշտոնը, կրկին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար: Խոսքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի մասին է: Այսօր առավոտյան նախարարություններում ներկայացրել եմ նորանշանակ նախարարներին՝ Արփինե Սարգսյանին և Դավիթ Խուդաթյանին, որոնք արդեն Կառավարության նիստին մասնակցում են: Ես շնորհավորում եմ նրանց և հաջողություններ եմ մաղթում: Նաև Կառավարության այսօրվա նիստին առաջին անգամ մասնակցում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: Նրան նույնպես շնորհավորում եմ ընտրվելու առիթով և հաջողություն եմ մաղթում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը և փոփոխություններ ու լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Որոշման նպատակը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով 2025 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին սոցիալական աջակցություն տրամադրելն է, որով կկանխվի նրանց կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը և կխրախուսվի Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական կյանքին աստիճանական ինտեգրումը։ Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 2025 թ. ընթացքում տրամադրել սոցիալական աջակցություն՝ աստիճանականորեն նվազեցնելով ընդհանրական բնույթի աջակցությունը և բարձրացնելով աջակցության հասցեականությունը՝ դրանք ուղղելով առանձին թիրախ խմբերին։
Այսպիսով՝ 2025 թ. հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ: Այս ամիսների ընթացքում աջակցության շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ եղել է 2024 թ. ընթացքում։ 2025 թ. ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ առաջարկվում է սոցիալական աջակցության չափը սահմանել 40,000 դրամ, միաժամանակ աջակցությունը հասցեագրել բռնի տեղահանված առանձին խմբերի հետևյալ անձանց՝ մինչև 18 տարեկան երեխաներին կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձանց (շուրջ 33 հազ. շահառուներ), 63 և ավելի տարեկան անձանց (շուրջ 18․0 հազ. շահառուներ), կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց (շուրջ 2.6 հազ. շահառուներ): 2025 թ. հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը շարունակել նույն խմբերի (ինչպես ապրիլ-հունիս ամիսներին) համար՝ 30,000 դրամի չափով: Այդ նպատակի համար ՀՀ պետբյուջեի 2025 թ. ծախսերը կկազմեն շուրջ 30,5 մլրդ դրամ:
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, կարգավորմամբ առաջարկվող աջակցության սոցիալական հասցեականությունն ընդգծելու և աջակցությունը հատկապես սոցիալապես խոցելի խմբերին հասցեագրելու կարևորությունը պայմանավորված է մի քանի պատճառներով։ «Նախ, 2024 թ. հունիսից գործում է բնակարանային աջակցության ծրագիրը, որը շահառուների մեծ մասին արդեն հիմա հնարավորություն է տալիս պետության աջակցությամբ գնել կամ կառուցել սեփական բնակարան, իսկ մյուս մասը կարող են շահառու դառնալ հաջորդ տարվա սկզբին։ Հաջորդ կարևոր պատճառն այն է, որ անցյալ մեկ տարվա ընթացքում աշխատանք են գտել կամ ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում ավելի քան 25 հազար բռնի տեղահանվածներ, որոնք 18-ից մինչև 63 տարեկան անձանց զգալի մասն են կազմում։ Համապատասխանաբար, Կառավարությունը գտնում է, որ աջակցության համար նախատեսված ֆինանսական միջոցներն աստիճանաբար պետք է վերահասցեագրվեն բնակարանային աջակցության ծրագրին»,-ասել է նախարարը։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բավական մեծ աջակցություն է տրամադրվել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին: «Պետք է մեր քաղաքականությամբ քաջալերենք, որ մարդիկ արդեն մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին։ Իհարկե, մենք ոչ թե զրոյացնում ենք փաթեթը, այլ որոշ սոցիալական խմբերի ենք աջակցում: Եվ, այսպես ասած՝ աշխատանքային տարիքի մարդկանց քաջալերում ենք, որ նրանք աշխատեն: Դա, ընդհանուր առմամբ տեղավորվում է մեր ռազմավարությունների տրամաբանության մեջ, ինչի մասին ես նաև խոսել եմ: Աղքատության գնահատման համակարգում մեր ռազմավարությունը հետևյալն է՝ քայլ առ քայլ պետք է հրաժարվենք աշխատունակ մարդուն որևէ աջակցություն տրամադրելուց, բայց մյուս կողմից էլ՝ սահմանափակումներ ունեցող մարդկանց պետք է օգնենք, որ ձեռք բերեն աշխատանքային հմտություններ», -ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է ընդհանրապես քաջալերել աշխատանքը, որովհետև աղքատությունը հնարավոր է միայն աշխատանքով հաղթահարել։