Հետևեք մեզ։

Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է. Նիկոլ Փաշինյան

15:25, 21 նոյեմբեր 2024
Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման համար ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 2,860.3 մլրդ դրամի չափով և ՀՀ կառավարության ներքո նախատեսված միջոցներից ՏԿԵ նախարարությանը հատկացնել նաև շուրջ 901 մլն դրամ (ընդհանուր՝ շուրջ 3,761.3 մլրդ. դրամ)։ Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 16 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 1.6 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 8 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 6.4 կմ, իսկ հիմնանորոգվող տրանսպորտային օբյեկտների քանակը՝ 4 հատ է (3 կամուրջ, 1 հենապատ)։

Գումար է հատկացվել հետևյալ շինարարական աշխատանքների համար՝ Սելիմի լեռնանցքի 1,5 կմ երկարությամբ հատվածի վերակառուցում, Սևան քաղաքից Գեղամավան և Ծաղկունք գյուղերով դեպի Հրազդան քաղաք տանող ավտոճանապարհի 18.2 կմ հատվածի հիմնանորոգում (Երևան-Սևան մայրուղու Հրազդան-Սևան հատվածի շրջանցիկ ճանապարհ), Մ-6-ից մինչև Աթան գյուղ տանող ավտոճանապարհի 27.5 կմ հատվածի հիմնանորոգում, Զարինջա - Ձիթհանքով ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Գավառ քաղաքից դեպի Գանձակ-Սարուխան -Լանջաղբյուր-Գեղարքունիք գյուղեր տանող ավտոճանապարհի 12.9 կմ հատվածի հիմնանորոգում, Գորիս քաղաքից դեպի Վերիշեն - Խոզնավար գյուղեր տանող ավտոճանապարհի 18.3 կմ հատվածի հիմնանորոգում, Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցում, Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի 10.1 կմ հատվածի հիմնանորոգում, Եղիպատրուշ բնակավայրից դեպի «Մայլեռ» լեռնային հանգստավայր տանող 3 կմ ասֆալտապատ ավտոճանապարհի կառուցում, Աշտարակ քաղաքի միջով անցնող միջպետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 4 կմ հատվածի և այդ ճանապարհից սկիզբ առնող 1.6 կմ ընդհանուր երկարությամբ ուղիների հիմնանորոգում, Ապարան քաղաքից դեպի Լուսագյուղ տանող ավտոճանապարհի 3 կմ հատվածի հիմնանորոգում, Սանահին կայարանում քանդված կամրջի փոխարեն պողպատե ֆերմաներով թռիչքային կառուցվածքով ժամանակավոր կամրջի կառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում, Դեպի Ախթալա տանող ավտոճանապարհի վրա Դեբետ գետի հետ հատման հատվածում քանդված կամրջի փոխարեն ժամանակավոր կամրջի կառուցում, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Բերդկունք գյուղի տարածքով անցնող 21.5կմ -ում գտնվող փլուզված հողային պաստառի շեպի վերականգնում: Գումար կհատկացվի հետևյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և փորձաքննության ծառայությունների համար՝ Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանից դեպի Թեղուտ-Հաղարծին-Գոշ բնակավայրեր տանող հատվածում ջրհեղեղի հետևանքով ողողված և փլուզված թվով 10 տեղամասերի վերակառուցում, Ճամբարակ քաղաքից դեպի Ձորավանք տանող ավտոճանապարհի 25 կմ հատվածում քարաթափման աշխատանքների իրականացում, Նալբանդի թունելի հիմնանորոգում, դեպի Ախթալա բնակավայր տանող պողպատե ֆերմաներով թռիչքային կառուցվածքով 2-րդ կամրջի կառուցում: Գումար կհատկացվի նաև հետևյալ ավարտված աշխատանքների համար՝ Ջերմուկի խաչմերուկից դեպի Վայք տանող ավտոճանապարհի 8.7 կմ հատվածի հիմնանորոգում, Երևան-Եղվարդ- Արագյուղ-Հարթավան- ավտոճանապարհի Երնջատափ գյուղը շրջանցող 1.3 կմ ավտոճանապարհի հիմնանորոգում:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հիմնանորոգված, վերանորոգված հանրային ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերին և քննադատել նման երևույթներն անտարբերության մատնելու դեպքերը: Վարչապետը կարևորել է դրանց կանխելու անհրաժեշտությունը: Երկրի ղեկավարը նշել է, որ եղել են դեպքեր, երբ այցերի ընթացքում պարզվել է, որ, օրինակ՝ քաղաքացին, նոր արված ասֆալտը քանդել է: Վարչապետն այդ երևույթները կանխելու գործում ընդգծել է համայնքների ու պարեկային ոստիկանության դերակատարությունը՝ ոստիկաններին հորդորելով չանտեսել նման դեպքերը, իսկ համայնքներին՝ վերահսկողություն իրականացնել իրենց տարածքներում։ «Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է։ Եթե նրանք տեսնում են, որ մարդիկ մայրուղի են քանդում, պետք է կանգնեն և հարցնեն՝ արդյոք ունե՞ն թույլտվություն։ Եթե չունեն, աշխատանքը պետք է դադարեցվի, իսկ համայնքները կամ տեսչական մարմինները՝ տեղյակ պահվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ նման, ինչպես նաև՝ մայթերը, ճանապարհներն անձնական նպատակներով օգտագործելու դեպքերը հանրային տարածքների նկատմամբ ապապետական վերաբերմունքի հետևանք են: