Հետևեք մեզ։

Իրենց առաջարկել ենք տեղափոխվել, բայց հրաժարվել են․ անօթևանները նախընտրում են դրսում քնել (տեսանյութ)

12:38, 08 մայիս 2023
Իրենց առաջարկել ենք տեղափոխվել, բայց հրաժարվել են․ անօթևանները նախընտրում են դրսում քնել (տեսանյութ)
 
Կառավարության գլխավոր և թիվ 3 մասնաշենքերի միջնամասում գտնվող այգում այսօր նկատեցինք նստարաններին պառկած անօթևանների։ Նրանք իրենց ունեցած իրերը տեղավորել էին իրենց կողքն ու քնել։ Այսօրինակ տեսարանների հաճախ կարելի է հանդիպել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, բայց ուշագրավ է հատկապես կառավարության շենքի հարակից այգում այսպիսի տեսարանի ականատես լինել, քանզի ենթադրելի է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընդամենը կողքի շենքում է, և նախարարության աշխատակիցները, այդ թվում՝ նախարար Նարեկ Մկրտչյանը ամեն օր այդ տարածքով անցնում-դառնում են, վստահաբար նաև՝ նկատում այս անօթևաններին։
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը Hayastan.news-ին ասաց, որ իրենք տեղյակ են այս անօթևաններից, փորձել են օգնել՝ առաջարկելով համապատասպան կացարան, սակայն հրաժարվել են։ Նույնն է տեղի ունեցել նաև Հյուսիսային պողոտայում հանդիպող Արթուր անունով երիտասարդի դեպքում։
 
«Այս քաղաքացուներին մենք շատ լավ գիտենք, Միասնական սոցիալական ծառայությունը մի քանի անգամ կարիք է գնահատել, իրենց առաջարկել ենք տեղափոխվել, բայց իրենք հրաժարվել են։ Ցանկացած դեպքում, եթե քաղաքացին ցանկություն չունի, իրեն հարկադիր կերպով խնամքի ինչ-որ վայր տեղափոխել չենք կարողանա»,-ասաց Զառա Մանուչարյանը։
 
Ստացվում է՝ անօթևանները նախընտրում են դրսում քնել, բայց չօգտվել պետության աջակցությունից։
 
 
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ