ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը:
2022 թվականից Կոմպլյուտենս համալսարանում ՀՀ պետական ֆինանսավորմամբ գործում է Իսպանիայում առաջին հայագիտական ամբիոնը՝ Աշխարհագրության և պատմության ֆակուլտետի կառուցվածքում, որը ղեկավարում է պրոֆեսոր Ֆրանցիսկո Զորյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը խորհրդանշական է համարել, որ առաջին անգամ կազմակերպվող հայագիտական համաժողովն անցկացվում է հենց Կոմպլյուտենս համալսարանում, որը բոլորովին վերջերս է համալրել պետական բյուջեի ֆինանսավորմամբ ստեղծված հայագիտական կենտրոնների ցանկը:
«Գաղտնիք չէ, որ կրթությունը, գիտությունը և մշակույթը եղել և մնում են այն հիմնասյուները, որոնց վրա կառուցվում է հայ ժողովրդի ապագան, և ակնհայտ է, որ պետությունն աստիճանաբար էլ ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներ է տրամադրում հայագիտության զարգացմանը: Արտերկրում գործող հայագիտական կենտրոնները մեծ դեր ունեն հայագիտության զարգացման մեջ, քանի որ դրանց գլխավոր առաքելությունն է ապահովել հայագիտության կայուն զարգացումը բոլոր ուղղություններով՝ համընթաց քայլելով համաշխարհային գիտության ձեռքբերումների և նոր մարտահրավերների հետ:
Մանրամասները՝ https://escs.am/am/news/25873 կայքում։