Հետևեք մեզ։

Ռուսաստանը «Օրեշնիկ» հրթիռային համակարգի սերիական արտադրություն է սկսում. Պուտին

18:17, 22 նոյեմբեր 2024
Ռուսաստանը «Օրեշնիկ» հրթիռային համակարգի սերիական արտադրություն է սկսում. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Օրեշնիկ» նորագույն հրթիռային համակարգի սերիական արտադրություն է սկսվում։
 
 
Պաշտպանության նախարարության ղեկավարության և պաշտպանական-արդյունաբերական համալիրի ներկայացուցիչների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ, որը տեղի է ունեցել այսօր երեկոյան, նա նշել է, որ համակարգը ստեղծվել է ՌԴ մասնագետների ժամանակակից մշակումների հիման վրա և խորհրդային տեխնոլոգիաների արդիականացում չէ:
 
 
««Օրեշնիկը» եզակի համալիր է, որն աշխարհում նմանը չունի... Այսօրվա դրությամբ չկան միջոցներ, որոնք կարող են որսալ այս հրթիռային համակարգը: Համալիրի փորձարկումները կշարունակվեն, այդ թվում՝ մարտական պայմաններում, ինչը թույլ կտա գնահատել դրա հնարավորությունները՝ կախված Ռուսաստանի համար ստեղծվող սպառնալիքների բնույթից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
 
 
Նա հավելել է, որ արդեն առկա է «Օրեշնիկ» համակարգերի պաշար, իսկ սերիական արտադրությունը կապահովի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի մատակարարումները:
 
 
«Մենք շարունակելու ենք զարգացնել նման համակարգերը, քանի որ դրանց նշանակությունը երկրի պաշտպանության համար հնարավոր չէ գերագնահատել», - եզրափակել է ՌԴ նախագահը:
 
 
Պուտինը հատուկ նշել է, որ նման մակարդակի մշակումները կենսական նշանակություն ունեն Ռուսաստանի համար։ Ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում ռազմական հատուկ գործողության առաջադրանքների հաջող կատարումն ուղղակիորեն ազդում է երկրի ապագայի վրա։
 
 
«Ռուսաստանի ուժերն ամեն օր ավելացնում են գրոհային ներուժը։ Զինված ուժերը գործում են գրագետ, արիաբար և պրոֆեսիոնալ», - հայտարարել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները