Հետևեք մեզ։

Վեթինգ՝ ըստ ճաշակի․ ԲԴԽ-ում «թունավոր» պաշտոնավարման հետքերով (տեսանյութ)․ Factor.am

22:02, 22 նոյեմբեր 2024
Վեթինգ՝ ըստ ճաշակի․ ԲԴԽ-ում «թունավոր» պաշտոնավարման հետքերով (տեսանյութ)․ Factor.am

Factor.am-ը գրում է․

 

«»Բարձրագույն դատական խորհուրդը դատավորներին լիազորություններից զրկում է ըստ ճաշակի՞, թե՞ ըստ կարգապահական խախտման բնույթի։ Արդյոք բոլոր դատավորները հավասա՞ր են ԲԴԽ-ի առջև, թե՞ կան անձինք, որոնք  կարող են խուսափել պատասխանատվությունից ու շարունակել պահպանել դատավորի բարձր կոչումը։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար  ուսումնասիրել ենք կարգապահական գործերով ԲԴԽ-ի որոշումները: Սկսենք  հրաժարականի միջոցով կարգապահական պատասխանատվությունից խուսափած  դատավոր Սամվել Թադևոսյանից։ 

 

2023 թվականի հունիսին Արդարադատության նախարարությունը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկեց ՄԻԵԴ վճռի հիմքով 4 դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն։ Այս դատավորներից մեկը Սամվել Թադևոսյանն էր։ ԲԴԽ-ում գործի քննությունից 5 օր առաջ Թադևոսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, ու նրա լիազորությունները դադարեցին: Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով նախարարության միջնորդությունը, դադարեցրեց կարգապահական գործով անցնող մյուս երեք դատավորի՝ Տիգրան Պետրոսյանի, Աստղիկ Խառատյանի և Արտակ Բարսեղյանի  լիազորությունները։ Բարձրագույն դատական խորհրդի որոշման համաձայն՝ այս երեք դատավորները տարիներ առաջ  վարույթ չէին ընդունել մի գործ, որը ենթակա է եղել քաղաքացիական դատարանի քննությանը:

 

Ըստ Խորհրդի՝ այս դատավորները հեղինակազրկել են դատական համակարգը, նրանց վերագրվող կարգապահական խախտումն անհամատեղելի է դատավորի կարգավիճակի հետ, ուստի՝ նրանց լիազորությունները պետք է դադարեցվեն։ Բայց, ինչպես պարզվեց, հրաժարականի միջոցով հնարավոր կարգապահական պատասխանտվությունից խուսափած Սամվել Թադևոսյանին վերագրված նույն խախտումը համատեղելի էր դատավորի կարգավիճակի հետ։ Այս գործի քննությունից ամիսներ անց ԲԴԽ-ն  նրան կրկին դատավոր ընտրեց։ Մինչդեռ եթե Թադևոսյանի լիազորությունները դադարեցվեին կարգապահական խախտման, այլ ոչ թե հրաժարական տալու հիմքով, նա կրկին դատավոր դառնալ չէր կարող։ Դատական օրենսգրքի համաձայն՝ նախկին դատավորը կրկին կարող է դատավոր նշանակվել, եթե նրա լիազորությունները չեն դադարել կարգապահական խախտում թույլ տալու կամ մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։

 

Ստացվում է՝ Սամվել Թադևոսյանը հրաժարական տալու միջոցով խուսափել է հնարավոր կարգապահական պատասխանատվությունից, և Բարձրագույն դատական խորհուրդը նրան հնարավորություն է տվել  նոր ու մաքուր էջից սկսել իր դատավորի կարիերան, իսկ ահա այն դատավորները, որոնք նույն գործով կանգնել են ԲԴԽ-ի առջև, զրկվել են դատավորի կարգավիճակից։ Բարձրագույն դատական խորհրդից Factor TV-ին պարզաբանում են․ «Պարոն Թադևոսյանի լիազորությունները չեն դադարեցվել կարգապահական խախտման հիմքով։ Սամվել Թադևոսյանը համապատասխան պահանջները բավարարելով, դիմել է որպես նախկին դատավոր առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար, և Բարձրագույն դատական խորհրդի կողմից 7 կողմ, 3 դեմ ձայներով ընդգրկվել է ցուցակում»։

 

Այսինքն՝ ենթադրյալ կարգապահական խախտում թույլ տված դատավորը պատասխանատվության չենթարկվելու համար կարող է հրաժարականի դիմում ներկայացնել ու կրկին փորձել: Սամվել Թադևոսյանի դեպքը կարգապահական գործերով դատավորների նկատմամբ խտրական մոտեցման ընդամենը մեկ օրինակ է։  «Էսօր իմ գնահատմամբ դատական համակարգում ծվարած են 30-ից 40 կոռումպացված, խայտառակ  դատավորներ: Սրանք իմ անձնական, սուբյեկտիվ հաշվարկներ են: Եթե ես կարողանամ այս 30-40 դատավորին 1-2 տարում օրինական ճանապարհով դուրս մղեմ համակարգից, ապա ես կարող եմ վստահաբար ձեզ ասել, որ վեթինգը տեղի է ունեցել»,- Կարեն Անդրեասյանն այս հայտարարությունն արել էր Արդարադատության նախարար ընտրվելուց հետո, որից 1 տարի անց նա դարրձավ ԲԴԽ նախագահ: Վեթինգ՝ ըստ ճաշակի՞, թե՞ ըստ կարգապահական խախտման բնույթի․ Factor TV-ն ուսումնասիրել է, թե վերջին 5 տարվա ընթացքում որ դատավորների լիազորություններն են դադարեցվել կարգապահական խախտման հիմքով և նույնանման իրավիճակներում ովքեր են ազատվել պատասխանատվությունից։
 

Ընդհանուր առմամբ՝ Խորհրդում դատավորների նկատմամբ քննվող  կարգապահական վարույթները կարելի է բաժանել 3 խմբի․

1․Դատավարական ժամկետներ խախտելու համար,

2.Դատական ակտի համար կամ ՄԻԵԴ վճռի հիմքով,

3․Հրապարակային խոսքի համար,

 

Դատավարական ժամկետներ խախտելու համար կարգապահական վարույթներ

 

Դատավարական ժամկետներ խախտելու համար իր ստեղծումից՝ 2018-ից ի վեր  Բարձրագույն դատական խորհուրդը 6 դատավորի լիազորություն է դադարեցրել՝  Քաղաքացիական դատարանի դատավորներ Աննա Փիլոսյան, Արթուր Ստեփանյան, Նաիրա Մխիթարյան, Քրեական դատարանի դատավորներ Աննա Դանիբեկյան, Վահե Միսակյան և Վահե Խալաթյան։

 

Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել են 3 գործով դատական ակտ ուշացնելու համար: Այս դատավորը ԲԴԽ-ում իր գործի քննության ընթացքում հայտնել է, որ գերծանրաբեռնված է եղել, վարույթում 1300-ից ավելի գործ է ունեցել:

 

Արթուր Ստեփանյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է 100 գործով դատական ակտ ուշացնելու համար, սակայն  ԲԴԽ-ն, խորհրդակցական սենյակում, ինքնուրույն հաշվարկներ կատարելով, որոշման մեջ նշել է, որ դատավորը ոչ թե 100, այլ 80 գործով դատական ակտ է ուշացրել։ Այս երկու դատավորներն էլ, ի թիվս այլ փաստարկների, նշել են, որ գերծանրաբեռնված են եղել։ Սակայն նրանց փաստարկները ԲԴԽ-ն հաշվի չի առել ու դադարեցրել է նրանց լիազորությունները, մինչդեռ մեկ այլ դատավորի՝ Նապոլեոն Օհանյանի կարգապահական գործը քննելիս ԲԴԽ-ն հաշվի է առել նրա ծանրաբեռնվածությունը: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի կարգապահական գործերից մեկով Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է. դատավորը գերծանրաբեռված է եղել: Օհանյանի  նկատմամբ կիրառվել է ամենամեղմ կարգապահական տույժը՝ նախազգուշացում:

 

Դատավոր Վահե Միսակյանն, ըստ կարգապահական գործի, 3 տարի քննել է «Հայրենիքի փրկության շարժում»-ն առաջնորդող Վազգեն Մանուկյանի գործը: Հենց այս վարույթի շրջանակներում է դադարեցվել դատավորի լիազորությունները: Սակայն մինչ այդ  դատավորը խիստ նկատողություն էր ստացել՝ կրկին դատական ակտը ուշ տրամադրելու համար: Այս գործի քննության ընթացքում դատավորն ընդունել է, որ ժամկետ է խախտել, բայց և բարձրաձայնել է կարգապահական խախտումը թույլ տալու ժամանակահատվածում  հարազատի  երկարատև հիվանդության և մահվան մասին:  Այս հանգամանքը, սակայն, ԲԴԽ-ն հաշվի չի առել դատավորի նկատմամբ «խիստ նկատողություն հայտարարելիս: Եթե Վահե Միսակյանը «խիստ նկատողություն» կարգապահական տույժ չունենար, նրա լիազորությունները Վագզեն Մանուկյանի գործով չէին դադարի:  Դատական օրենսգրքի համաձայն՝ չմարված «խիստ նկատողություն» տույժ ունենալու դեպքում ցանկացած այլ կարգապահական տույժ ստանալը հանգեցնում է դատավորի լիազորությունների դադարեցման: Մինչդեռ դատավարական ժամկետ խախելու համար ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը 2 տարբեր գործերով պատասխանատվության չի ենթարկվել, ավելին՝ առաջխաղացում է ունեցել ու տեղափոխվել Վճռաբեկ դատարան, ապա՝ ընտրվել Դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի անդամ, այսինքն՝ այժմ ինքն է որոշում, թե որ դատավորն ինչ ենթադրյալ խախտում է թույլ տվել:



 Դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը 4.5 տարի քննելու համար, որի հետևանքով, ըստ ԲԴԽ-ի՝ անցել է Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, մինչդեռ մեկ այլ դատավորի՝ Տաթևիկ Գրիգորյանը նմանատիպ իրավիճակում առաջխաղացում է ունեցել:

 

Երևանի քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործը քննել է 4.5 տարի, ու թեև Թովմասյանին մեղավոր է ճանաչել նրան վերագրվող արարքի մեջ, բայց վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով պատիժ չի սահմանել նրա նկատմամբ: Այս որոշումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը Տաթևիկ Գրիգորյանին առաջին ատյանի դատարանից տեղափոխել է Վերաքննիչ դատարան: Իսկ արդյոք դատավորներին ժամկետներ խախտելու համար պատասխանատվության ենթարկելը  կարգավորո՞ւմ է նրանց վարքագիծը կամ կարո՞ղ է կարգավորել կամ  արդյոք դատավորների՞ մեղքով է, որ դատական գործերն ուշանում են:

 

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը վստահ է, որ դատական գործերի ձգձգումները դատավորների վարքագծի հետևանք չեն, այլ դատական համակարգի ռեսուրսների: Դատավորներն առաջին հերթին իրենք են շահագրգիռ, որ գործերն արագ քննեն: «Շատերը գիտեն, որ դատավորները շաբաթ կիրակի գալիս են գործի, որ դատական ակտ գրեն, արձակուրդ են վերցնում, որ դատական ակտ գրեն: Այս խնդիրներին համակարգային լուծումեր են պետք, ոչ թե կարգապահական պատասխանատվության միջոցով փորձել ողջամիտ ժամկետների վրա ազդել»,- նշում է Ղազարյանը։

Փաստաբանը  նաև դիտարկում է. եվրոպական չափանիշներով՝ 100 հազար բնակչին բաժին է ընկնում 22-ից 24 դատավոր, Հայաստանում՝ այդ թիվը մինչև վերջերս 6 էր, այժմ հասել է 8-ի, այսինքն՝ երեք անգամ քիչ է եվրոպական ստանդարտներից: «Վահե Միսակյանի դատական ակտը որևէ կերպ չի արագացնելու դատավարությունների ընթացքը, քանի որ ձգձգումները դատավորի վարքագծից չեն բխում, այլ ռեսուրսներից: Հիմա եկեք չափենք որ վնասն է ավելի մեծ. այն, որ Վազգեն Մանուկյանի գործով դատական ակտը հասարակությունը պետք է ստանար մեկ տարում, բայց ստացել է 3 տարում և այն վնասը, որ մի քանի հարյուր գործերի քննություն պետք է սկսել զրոյից. իմ կարծիքով՝ երկրորդը»,- դիրքորոշում հայտնեց Արա Ղազարյանը։

 

Կայացրած դատական ակտի համար դադարեցվել են նաև Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները: Դատավորները պաշտոնավարում են մինչև 65 տարին: Այս դատավորի 65 տարին լրանալուց մեկ օր առաջ՝ 2023-ի  հունվարի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է նրա լիազորությունները: Դատավորին այսպիսի «ծննդյան նվեր» մատուցելը պատահականությո՞ւն էր արդյոք։ Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ  դատավոր Ալեքսեյ Սուքոյանին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն անդրադարձել է տասը տարի առաջ, երբ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն էր: 2013-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակեց արտահերթ զեկույց՝ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ: Այս զեկույցի բաժիններից մեկում ՄԻՊ-ը (Կարեն Անդրեասյանը) սուր քննադատության էր ենթարկել ԲԴԽ-ի իրավանախորդ Արդարադատության խորհրդին՝ այս մարմնին մեղադրելով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթների քննության ընթացքում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: «ՀՀ արդարադատության խորհրդի կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթար

 

կելու միջոցով դատավորներին ճնշելու ողջ համակարգը գործում է երկակի ստանդարտների կիրառմամբ: Այսինքն՝«վերադաս դատավորներին» ենթարկվող դատավորը իր խախտման  համար հիմնականում, չի ենթարկվում պատասխանատվության, իսկ չենթարկվող դատավորը, միևնույն խախտման համար կամ նույնիսկ առանց որևէ խախտման, ենթարկվում է ավելի խիստ պատասխանատվության»,- արձանագրված էր ՄԻՊ զեկույցում։ Մարդու իրավունքների պաշտպանը նշում էր նաև, որ Արդարադատության խորհրդի կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմն այն ժամանակ «ամենարդյունավետ» լծակն էր՝ դատավորներին կախյալ և ճնշված վիճակում պահելու համար և որ Արդարադատության խորհրդի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվությունը կիրառվում է կամայականորեն՝ դատական ակտերի կայացման գործընթացի վրա ազդելու կամ առանձին դատավորների նկատմամբ հաշվեհարդարի իրականացման նպատակով: ՄԻՊ-ն, այնուհետև, զեկույցում նշում էր դատավորի նկատմամբ խտրականության կոնկրետ օրինակներ: Զեկույցի ուսումնասիրության ընթացքում պարզեցինք, որ, ըստ ՄԻՊ գրասենյակի, Արդարադատության խորհուրդն  այն ժամանակ բարեհաճ  վերաբերմունք է դրսևորել դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նկատմամբ: Այս դատավորը 2010-ականներին  քննել է «Յունիբանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ գործը: «Յունիբանկ»-ի սեփականատեր Մանվել-Տեր Առաքելյանն այն ժամանակ պնդում էր, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ցանկանում է իրենից խլել «Յունիբանկ»-ի տարածքը: Ըստ ՄԻՊ զեկույցի՝ «Յունիբանկ» ՓԲԸ-ն Սուքոյանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու դիմում է ներկայացրել Արդարադատության խորհուրդ, սակայն խորհուրդը վարույթ չի հարուցել: Մինչդեռ նմանատիպ մեկ այլ հանգամանքում մեկ այլ դատավորի նկատմամբ հարուցվել է վարույթ: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ազատվել է այն դատավորից, որի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու հանգամանքից դժգոհել էր ՄԻՊ եղած ժամանակ:

 

Այս զեկույցում , ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դժգոհություն էր հայտնել այն բանի համար, որ երկակի ստանդարձներ կիրառելով՝ Խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել դատավոր Քրիստինե Մկոյանին:

 

ՄԻԵԴ վճռի հիմքով կարգապահական վարույթներ

 

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»: Այս հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է 2019 թվականին՝ իշխանափոխությունից մոտ մեկ տարի անց։ Այժմ տեսնենք, թե որ դատավորներն են ՄԻԵԴ վճռի հիմքով հեռացվել պաշտոններից, և ովքեր, չնայած ՄԻԵԴ-ի արձանագրած կոպիտ խախտումներին, մնացել դատական համակարգում։

 

Դատավորներ Արտակ Բարսեղյանի Աստղիկ Խառատյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է ՄԻԵԴ վճռի հիմքով հարուցված կարգապահական գործի քննությամբ: Այս դատավորների նկատմամբ  վարույթը հարուցվել էր  «Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի հիմքով։ ՄԻԵԴ-ն  արձանագրել էր, որ քաղաքացիական դատարանի քննությանը ենթակա գործը այս դատարանի և ոչ մի ատյանի դատավոր վարույթ չի ընդունել։ Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունը խախտել է դիմումատու ընկերության՝ դատարանի մատչելիության իրավունքը։ 

 

ՄԻԵԴ-ը նույնանման՝ դատարանի մատչելիության իրավունքի խախտում արձանագրել է նաև «Հայկական ժամանակն ընդդեմ Հայաստանի» գործով, բայց այս դեպքում գործը քննած դատավորներից և ոչ մեկի լիազորությունները չեն դադարել։ Դատավորներից մեկը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանն էր։ 2023 թվականի մարտին  Արդարադատության նախարարությունը կարգապահական  վարույթ հարուցեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Քրիստինե Մկոյանի, Հովսեփ Բեդևյանի, Ռուզաննա Հակոբյանի և վարչական դատարանի նախագահ Արգիշտի Ղազարյանի նկատմամբ։ Ըստ կարգապահական գործի՝ 2008 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը դիմել էր վարչական դատարան՝ վիճարկելով նախագահի հրամանագիրը՝ արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ, սակայն վարչական դատարանը վարույթ չէր ընդունել այն։ Այսպիսով, ըստ ՄԻԵԴ վճռի, խախտվել է դիմումատուի դատարանի մատչելության իրավունքը։ Այս գործով դատավորներն անգամ ԲԴԽ նիստերին չեն ներկայացել, այնուամենայնիվ, Խորհուրդը, քննելով գործը, որոշել է դատարանի մատչելիության իրավունքի խախտումն անձանագրող ՄԻԵԴ վճռի համար ընդամենը նկատողություն հայտարարել Կարեն Անդրեասյանի Սանիկ Քրիտսինե Մկոյանին և մյուսներին, այլ ոչ թե, ինչպես նախորդ դեպքում, դադարեցնել նրանց լիազորությունները:

 

ՄԻԵԴ վճռի հիմքով դադարեցվել են նաև Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները, Դատավորը պնդել է, որ Կառավարությունը պատշաճ պատասխան չի ներկայացրել ՄԻԵԴ-ին, եթե ներկայացներ, ապա իր քննած գործով ՄԻԵԴ-ը խախտում  չէր արձանագրի։ ՄԻԵԴ վճռի հիմքով կարգապահական վարույթ է հարուցվել նաև  դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ: Factor TV-ն այս  գործին մանրամասն անդրադարձել էր և պարզել, որ Մնացական Մարտիրոսյանի գործով նիստերն արհեստական պատճառներով հետաձգվել են այնքան, մինչև անցել է նրան պատասխանատվության ենթարկելու համար օրենքով սահմանված եռամսյա ժամկետը:

 

Կարգապահական վարույթներ՝ հարցազրույցի համար

 

2023 թվականի փետրվարի 27-ին Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական տույժ  կիրառեց Սյունիքի մարզի դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի նկատմամբ։ Այդ դատավորը չծանոթանալով Քրեական նոր օրենսգիրքի կարգավորումներին՝ անձի նկատմամբ օրենքով չնախատեսված պատիժ էր նշանակել, որը պայմանականորեն չէր  կիրառել։ Այս որոշումից 5 րոպե անց Խորհուրդը  մեկ այլ որոշում հրապարակեց՝ դադարեցնելով Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։ Ըստ Խորհրդի մեկնաբանության՝ այս դատավորը քննադատել էր Բարձրագույն դատական խորհրդի որոշումը՝  դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցնելու որոշման մեջ նշվում է որ այս դատավորը հեղինակազրկել է դատական համակարգը՝ չնայած դատավորի այն պնդմանը, որ ինքը ԲԴԽ որոշումը չի քննադատել։ Բայց  նույնիսկ ԲԴԽ-ի դիրքորոշմամբ առաջնորդվելու դեպքում ստացվում է, որ առանց օրենքին ծանոթանալու դատական ակտ կայացնող դատավոր Նապոլեոն Օհանյանն ավելի քիչ է հեղինակազրկում դատական համակարգը, քան ԲԴԽ որոշման հետ անհամաձայնություն ունեցող ու դրա մասին բարձրաձայնող դատավորը։

 

Նախշքարյանը լրատվամիջոցներին հարցազրույց տալու համար դատավորի պաշտոնից զրկված միակ դատավորը չէ։  Բարձրագույն դատական խորհրդի որոշումներով հարցազրույց տալու համար դադարեցվել են նաև Դավիթ Հարությունյանի, Ռուբեն Վարդազայանի լիազորությունները։ Ռուբեն Վարդազարյանն, օրինակ, հրապարակային դիրքորոշում էր հայտնել, որ Գագիկ Ջհանգիրյանը չէր կարող խորհրդի անդամ դառնալ, քանի որ  դատավոր դառնալու համար սահմանված 65 տարեկանից մեծ է։ Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել ԲԴԽ 3  անդամի նախաձեռնությամբ, որոնք հետո մասնակցել էին գործի քննությանը, ավելին ինքը՝ Գագիկ Ջհանգիրյանը ևս այս գործի քննությանը մասնակցել ու անձամբ էր ընթերցել Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը։

 

Բարձրագույն դատական խորհրդում դատավորների ծննդյան օրերի նկատմամբ, կարծես թե հատուկ ուշադիր են: Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները ևս ԲԴԽ-ն դադարեցրել է նրա ծննդյան օրը՝ 2023-ի հուլիսի 3-ին, կրկին՝ հարցազրույց տալու համար: 2023 թվականի ապրիլի 7-ին տեղի ունեցած դատավորների ժողովի օրը լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ անհամաձայնություն է հայտնել դատավորների լիազորությունները դադարեցնելու պրակտիկայի վերաբերյալ։ Դավիթ Հարությունյանը պնդում է, որ նկատի է ունեցել 2023-ի հունվարից սկսած՝ կալանքի դատարանի դատավորներին ռեզերվային կարգավիճակ տալուն, որից հետո նրանք 1 տարի չեն աշխատել և պետությունից աշխատավարձ են ստացել։   Բարձրագույն դատական խորհուրդը, սակայն, դռնփակ նիստում, առանց դատավորի դիրքորոշումը լսելու, նրան հեռացրել է նիստերի դահլիճից ու պաշտպանների բացակայությամբ որոշել դադարեցնել նրա լիազորությունները։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Վերլուծական