Ուզում եմ տեղեկացնել բոլորիդ, որ չորս տարի անց ավարտին մոտեցավ իմ ծառայությունը որպես Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (համատեղությամբ նաև Մալթայում, Սան Մարինոյում որպես արտակարգ և լիազոր դեսպան, ՄԱԿ Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպությունում և Պարենի Համաշխարհային կազմակերպությունում՝ որպես մշտական ներկայացուցիչ)։ Ինչպես գիտեք՝ ծառայությունս շարունակելու եմ Բուլղարիայի Հանրապետությունում որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել դեսպան Ծովինար Համբարձումյանը.
«Կարծում եմ` կհամաձայնեք, որ այս ողջ ժամանակահատվածը ծանրագույն տարիներ են եղել ողջ մարդկության առջև ծառացած համաճարակային և անվտանգային մարտահրավերների տեսանկյունից, և հատկապես ծանր՝ Հայաստանի և հայ ժողովրդի համար։
Գուցե առավել բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններում հնարավոր լիներ ավելին անել, այդուհանդերձ հարկ եմ համարում համառոտ ամփոփել այն հիմնական աշխատանքը, որ կատարվել է այս տարիների ընթացքում։
Անցած չորս տարիների ընթացքում Հայաստանից Իտալիա կայացել է երկու նախագահական այց, 2021թ. հոկտեմբերին երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ պետական այցով Հռոմում է գտնվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, 2023թ. հուլիսին կայացել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Հռոմ։
Տեղի են ունեցել մի շարք նախարարների մակարդակով փոխայցելություններ։
Բարձրաստիճան փոխանակումներ են տեղի ունեցել դատական մարմինների միջև՝ երկու երկրների Վճռաբեկ դատարանի նախագահների, Գլխավոր դատախազների, Զինվորական դատախազների, Բարձրագույն դատական խորհրդի նախագահների և փոխնախագահների մակարդակով։
Բազմաթիվ բարձրաստիճան այցեր և հանդիպումներ են տեղի ունեցել երկու երկրների խորհրդարանների միջև՝ խորհրդարանների նախագահների, խորհրդարանների փոխնախագահների, տարբեր հանձնաժողովի նախագահների և անդամների միջև։ Մոտ երկու տարի մեր խորհրդարանների միջև հաջողությամբ ընթացել է համագործակցությունը ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում, իսկ 2024 թ. մայիս ամսին ՀՀ և Իտալիայի խորհրդարանների միջև կնքվել է համագործակցության վերաբերյալ համապարփակ արձանագրություն։
Հայաստանի և Արցախի շուրջ ծավալված իրադարձությունների համատեքստում ՀՀ դեսպանի մասնակցությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ, երեքը՝ Սենատում, մեկը՝ Պատգամավորների պալատում։
Շոշափելի առաջընթաց է գրանցվել նաև տնտեսական հարաբերությունների ոլորտում: Առևտրաշրջանառությունը Հայաստանի և Իտալիայի միջև աճել է յուրաքանչյուր տարի մոտ 20%-ով՝ 2024 թվականի նախաշեմին հատելով 420 միլիոնի սահմանը։ Էականորեն աճել են Հայաստանում իտալական ներդրումները՝ էներգետիկայի, տեքստիլի և շինարարության ոլորտներում։
Վերջին 10 տարիների ընթացքում իտալական ընկերությունները (IRD engineering և GP engineering) Հայաստանում իրականացրել են խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր, մասնավորապես թունելների, կամուրջների և ճանապարհների նախագծման ոլորտում:
Բարի քաղաքում հիմնվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը՝ Պուլիայի ողջ շրջանի իրավասությամբ։
Այսօր Երևանի և Հռոմի, Վենետիկի, Միլանի միջև կանոնավոր կերպով գործում է շաբաթական մոտ քսան ուղիղ չվերթ, որը նպաստում է զբոսաշրջությանը, ձեռնարկատիրական գործունեությանը և մարդկանց միջև շփումներին:
Ակտիվ զարգացել է նաև համագործակցությունը Իտալիայի շրջանների և համայնքների հետ։ 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո Իտալիայի շուրջ 50 շրջաններ և համայնքներ տարբեր փաստաթղթերով աջակցություն են հայտնել Հայաստանին և Արցախին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ Իտալիայի մայրաքաղաք կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է «Երևանի և Հռոմի միջև բարեկամության և համագործակցության համաձայնագիրը»։
Վերընթաց զարգացում է ապրել իրավապայմանագրային դաշտը, այս ընթացքում բանակցվել և կնքվել են շուրջ երկու տասնյակ կարևոր փաստաթղթեր։
Առաջին անգամ Հռոմի Լա Սապիենցա համալսարանում բացվել է հայոց լեզվի և մշակույթի ուսուցման լիարժեք դասընթաց։ Տեղի են ունեցել մի շարք հայագիտական համաժողովներ Հռոմ, Վենետիկ, Նեապոլ, Բոլոնիա, Ռավեննա, Ուդինե և այլ քաղաքներում:
Տպագրվել են բազմաթիվ հատորներ հայոց պատմության, մշակույթի, հայ համայնքի, Հայոց ցեղասպանության, Արցախյան հիմնահարցի վերաբերյալ։ Թարգմանվել և իտալացի ընթերցողին են ներկայացվել Եղիշե Չարենցի թարգմանությունների եռահատորը, իտալերեն լեզվով Չարենցի ծավալուն կենսագրական ակնարկը, ինչպես նաև 101 պոեզիա հայ մեծանուն ինը բանաստեղծների ընտրանին։
Այս ընթացքում թերևս ամենանշանակալից մշակութային միջոցառումներից էր Ռավեննայի ամենամյա երաժշտական փառատոնի շրջանակում Մաեստրո Ռիկարդո Մուտիի կողմից 2021թ. հուլիսի 4-ին Երևանում տրված համերգը։ Նույն Փառատոնի շրջանակում Ռավեննայում կայացած համերգին իր մասնակցությունն է բերել Երևանի պետական կամերային երգչախումբը, իսկ Իտալիայի տարբեր քաղաքներում կայացած համերգներին հնչել է Տիգրան Մանսուրյանի Քավարան սիմֆոնիան՝ նվիրված Իտալիայում Դանթեի տարվան։
2023թ. ամռանը Իտալիայի Սիցիլիա և Կալաբրիա շրջաններում տեղի են ունեցել համերգներ՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի ծննդյան 120-ամյակին:
Անշուշտ, հայ-իտալական մշակութային հարաբերությունները զարգացել են այնպիսի ծավալով և ինտենսիվությամբ, որ հնարավոր չէ այստեղ բոլորը թվարկել։
Հպարտ եմ և երախտապարտ Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջո Մատարելլայի կողմից ինձ շնորհված բարձրագույն պետական պարգևի համար, որը մի կողմից ընդունել եմ որպես գնահատանք, սակայն մյուս կողմից՝ մեծ պատասխանատվություն՝ շարունակելու անել հնարավորը առաջ մղելու համար հայ-իտալական հարաբերությունների հարուստ օրակարգը։
Այս առիթով իմ երախտագիտությունն եմ հայտնում իտալական իշխանություններին և առաջին հերթին Արտաքին գործերի նախարարության իմ գործընկերներին, որոնց հետ ունեցել ենք երբեմն թեթև, երբեմն ծանր խոսակցություններ, սակայն միշտ ցանկացած իրավիճակից մշտապես գործընկերաբար և պատվով ենք դուրս եկել։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ներկա և նախկին Սենատորներին և Պատգամավորներին, ում համար արժեքները միշտ առաջնային են եղել և որոնք մշտապես Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին են եղել մեր լուսավոր ու մութ օրերին։
Շնորհակալություն եմ հայտնում Իտալիայի դատական մարմինների իմ բոլոր գործընկերներին ջերմության և համագործակցելու պատրաստակամության համար։ Ձեզ հետ փորձի փոխանակումը կարծում եմ մեծապես օգտակար է հայ գործընկերների համար։
Շնորհակալություն եմ հայտնում Իտալիայի մեծ ու փոքր համայնքներին՝ մերձավորության և անմնացորդ աջակցության համար:
Շնորհակալություն եմ հայտնում Հռոմում հավատարմագրված դիվանագետներին ու բոլոր միջազգային գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։
Շնորհակալություն եմ հայտնում Իտալիայի հայ համայնքին, որ գեղեցիկ է իր բազմազանությամբ, բայց և մի կարևոր ընդհանրությամբ՝ սերը առ Հայաստանի Հանրապետությունը։ Դուք մշտապես դեսպանության կողքին եք եղել մեր պետության համար ամենածանր օրերին՝ յուրաքանչյուրդ ձեր տեղում, ձեր կարողացածի չափով։ Շնորհակալություն դեսպանությանը ցուցաբերած ձեր անգնահատելի աջակցության, ձեր կարողություններն ու տաղանդը անմնացորդ ներդնելու, ինչպես նաև իմ հանդեպ դրսևորած ձեր վստահության համար։
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի և հայ ժողովրդի բոլոր ընկերներին ու մերձավորներին, որոնք իրենց նույնքան հայ են զգում, որքան իտալացի և դարձել են Իտալիայի հայ համայնքի անբաժանելի մասը։ Մարդիկ, ովքեր անշահախնդիր, առանց աշխատավարձի ու առանց ակնկալիքի ամենօրյա ռեժիմով աշխատել են Հայաստանի համար՝ անմնացորդ ներդնելով իրենց սերն ու նվիրումը։
Շնորհակալություն եմ հայտնում մեր զույգ եկեղեցիներին, ի դեմս Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի և Հայ Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ և Քահանայապետական Լևոնյան Հայ վարժարանի ռեկտոր Հայր Խաչիկ Ծ.Վ.Գույումջանի, Անարատ հղության հայ քույրերի միաբանության առաքինազարդ քույր Արուսյակ Սաճոնյանի՝ դեսպանությանը մշտապես թիկունք կանգնելու համար։
Շնորհալություն եմ հայտնում մեր երեք հրաշալի պատվո հյուպատոսներին՝ Պիետրո Քուչուկյանին, Գագիկ Սարուխանյանին, ինչպես նաև նորանշանակ Դարիո Ռուպեն Թիմուրյանին, որոնց մատուցած ծառայությունները Հայաստանին շատ ավելին է, քան զուտ ինստիտուցիոնալ պարտականությունները։ Շնորհակալ եմ ձեր անխոնջ աշխատանքի ու նվիրման համար։
Շնորհակալություն եմ հայտնում Իտալիայում ՀՀ դեսպանության այն բոլոր աշխատակիցներին, որոնց հետ անցկացրել ենք պատերազմի ծանր օրերը, երբեմն աշխատել ենք առանց չափազանցության օրական 24 ժամ, սակայն անխոնջ, անտրտում, նվիրումով։
Շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր լրագրողներին, որոնց համար ազատությունը իսկապես արժեք է, որոնք անկախ քաղաքական նպատակահարմարությունից մշտապես մեծ արհեստավարժությամբ ու լրագրողական անաչառությամբ բարձրաձայնել են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրները։
Սրտանց շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր այն հրաշալի բժիշկներին, ում հետ ես առիթ եմ ունեցել առնչվելու Հռոմում գտնվելու այս տարիներին:
Շնորհակալություն եմ հայտնում դեսպանության ֆեյսբուքյան էջի հավատարիմ հետևորդիներին, որոնք մշտապես ուշադրության կենտրոնում են պահել դեսպանության գործունեությունը և որոնցից ստացել ենք բազմաթիվ գեղեցիկ ու խրախուսական խոսքեր։
Շնորհակալություն բոլոր այն անծանոթ մարդկանց, որոնք մեր ամենադժվար օրերին հարյուրավոր հեռախոսազանգերով և հաղորդագրություններով կանգնել են մեր կողքին։
Շնորհակալություն եմ հայտնում իմ դստեր դպրոցի բոլոր ուսուցիչներին ու ծնողներին։ Ծառայության ընթացքում եղել են պահեր, երբ օրերով, շաբաթներով դպրոց չեմ մտել. երբեք չեմ մոռանա այն աջակցությունն ու հոգատարությունը, որ ստացել ենք այդ ողջ ընթացքում։
Ներողություն եմ խնդրում այն բոլոր մարդկանցից, ում չնշեցի, բայց վստահ եղեք՝ ձեր աջակցությունը միշտ հիշվում և գնահատվում է։
Շնորհակալ եմ իմ սիրելի Հռոմին, միշտ հյուրընկալ և առինքնող՝ իր վեհությամբ, իր հրաշալի մարդկանցով, իր քաոսային ռիթմով և վաճառասեղանի մոտ էսպրեսսո սուրճի հետ առավոտյան զարթոնքո:
Եվ վերջում. ես անկեղծորեն հուսով եմ, որ կշարունակեք նույն եռանդով համագործակցել ՀՀ դեսպանության հետ՝ շարունակականություն հաղորդելու վերջին տարիներին միասին կատարած մեծ աշխատանքին:
Մի քանի օրից թողնելու եմ Իտալիան, ինչը նշանավորում է իմ կյանքի մի կարևոր էջի ավարտը և նոր փուլի մեկնարկ։ Ծառայության ընթացքում եղել են, անշուշտ, բազմաթիվ գեղեցիկ բայց և բազմաթիվ ծանր օրեր, դրական և պակաս դրական հույզեր, ձեռքբերումներ ու հիասթափություններ։ Սակայն իմ գործունեության այս էջի հմայքն այն է, որ այս հրաշալի երկիրը թողնում եմ միայն դրական հուշերով։ Հավատացնում եմ ձեզ, որ սրտիս մի մասնիկը մեկընդմիշտ թողնում եմ Իտալիայում, իսկ Իտալիայի մի մասնիկը մեկընդմիշտ տանում եմ ինձ հետ, որտեղ էլ լինեմ։
Սիրով և բարեկամաբար՝
Ծովինար»: