ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին 2024 թվականի նոյեմբերի 18-ին տեղեկացրել էին, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024 թվականի նոյեմբերի 1-ին դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Սահմանադրական դատարանը հայտնում է․
«2024 թվականի նոյեմբերի 4-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է. «(…) ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին հակասող այնքանով, որքանով վիճարկվող դրույթով փաստաբանական ծառայություն մատուցողներն այլևս չեն համարվելու շրջանառության հարկ վճարողներ և հարկ են վճարելու հարկային ընդհանուր ռեժիմով՝ վճարելով ավելացած արժեքի հարկ և շահութահարկ»:
ՍԴ որոշման բաժնում ասվում է․
«Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դիմումը չի բավարարում Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված կարգավորումների պահանջները: Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումի շրջանակներում ներկայացված դիրքորոշումների համատեքստում բարձրաց8 ված հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն Մարդու իրավունքների պաշտպանը չունի, հետևաբար՝ սույն գործով ներկայացված դիմումը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի և 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց. «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել»: