Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լայնածավալ հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera օրաթերթին։
— Դուք ֆուտբոլիստ եք առանց ավելորդությունների։ Համարո՞ւմ եք Ձեզ հակաաստղ։
—Այո, ինձ չեն հետաքրքրում դաջվածքները կամ տարօրինակ սանրվածքները: Տեսեք` երկու փոքրիկ ճաղատ հատված ունեմ գլխիս վրա, բայց դա ինձ չի հետաքրքրում: Դա բնական է։
— Կարծես թե սա ակնարկ է ձեր երկու թիմակիցների դեմ, որոնք ներկել են իրենց մազերը։
— Ոչ, բոլորովին։ Յուրաքանչյուրն անում է այն, ինչ ուզում է։
— Դուք մասնագիտություն ունե՞ք։
— Այո, երկու դիպլոմ ունեմ՝ սպորտի կառավարման և տնտեսագիտության։
—Կարո՞ղ ես ֆուտբոլում ինտելեկտուալ լինել՝ առանց խաղադաշտից դուրս այդպիսին լինելու։
— Չեմ կարծում։ Ակնհայտ է, թե ով է խելացի խաղադաշտում և դրա սահմաններից դուրս։ Ունեցել եմ թիմակիցներ, որոնք ձևացնում էին, թե խելացի են խաղադաշտում, բայց դրա սահմաններից դուրս այդպիսին չէին։
— Ինչպե՞ս է օգնում շախմատը Ձեզ։
— Այն օգնում է մտածել, կարդալ խաղը, հասկանալ իրավիճակը և թիմակցի մտքերը։ Շախմատը մեծապես օգնում է ինձ։
— Ֆուտբոլում դաստիարակությունը հաճախ շփոթում են բնավորության պակասի հետ, այդպե՞ս է:
— Չեմ կարծում։ Բնավորությունն ունես կամ չունես։ Ինչպես տաղանդը։
— Ճի՞շտ է, որ խոսում եք յոթ լեզվով։
— Հինգ։ Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և իտալերեն։ Գերմաներեն գիտեի, բայց մոռացել եմ։
— Ի՞նչ լեզվով եք մտածում:
— Եթե իտալերեն եմ խոսում, իտալերեն եմ մտածում։
— Ի՞նչ լեզվով եք հայհոյում:
— Չեմ հայհոյում: Վատ խոսքեր ասել չեմ սիրում։
— Ճի՞շտ է, որ գիրք եք գրում:
-Այո, դեռ պետք է սկսեմ: Ես շատ բան ունեմ պատմելու իմ կարիերայի և իմ կյանքի մասին:
Հիմա Զիդանի գիրքն եմ կարդում, նրա կենսագրության մասին: