ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտնել է, որ ՌԴ-ն ակնկալում է՝ Հայաստանը կմիանա Եվրասիայում հավասար ու անբաժանելի անվտանգության համակարգի մշակման համատեղ ջանքերին։ Նրա նշել է, թե ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, իրական այլընտրանք գոյություն չունի։
«ՌԴ-ն նախկինի պես հավատարիմ է ՀՀ անվտանգության ապահովման իր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի գծով»,-ասել է ՌԴ դեսպամը։ Դեսպանի խոսքով՝ Մոսկվան հետաքրքրված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր խաղաղություն լինի։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն անդրադառնալով՝ Կոպիրկինը նշել է, որ որպես կանոն՝ ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը շատ դժվար և պատասխանատու գործընթաց է։
«Բնականաբար, Մոսկվայում հետաքրքրված են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղություն հաստատվի։ Կարևոր է նաև, որ այդ՝ տարածաշրջանի համար ճակատագրական փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի լուծման վրա՝ առանց կողմերից որևէ մեկի համար «դառնության»»,- ասել է դեսպանը։