Մենք այս գործով պնդում էինք, որ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ որևէ դրվագ չկա, որը պետք է գաղտնիության շղարշով պատված լինի։ Մի շարք իրավական հիմնավորումներ ներկայացրեցինք, որ դատարանն իրավունք չուներ նախնական դատալսումները քննարկելու դռնփակ ռեժիմով։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
«Միջնորդություն ներկայացրեցինք դռնբացի անցնելու համար, բայց դատարանը մերժեց՝ հիմք ընդունելով այն, որ Գլխավոր դատախազը այս գործին տվել է գաղտնիության շղարշ»,- ասաց պաշտպանը և նշեց, որ նիստի ժամանակ մեղադրողը ևս ընդունել է, որ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ դրվագներում գաղտնի ապացույցներ, փաստական տվյալներ չկան։
Պողոսյանը սա գնահատեց Գրիգորի Խաչատուրովի հրապարակային դատաքննության իրավունքի խախտում։
«Ինձ թվում է, մենք իրավական հիմնավորումներով դատարանին կհամոզենք, որ այս գործը պետք է դռնբաց քննվի»,- ասաց նա։