«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին` մանդատից հրաժարվել, հակառակ դեպքում դա վատ հետեւանքներ կունենա իր վրա, սակայն Աղազարյանը «չորով» մերժել է բոլոր բանագնացներին՝ պատասխանելով, որ ամենավատն արդեն եղել է` վարչապետը դավաճանել է հեղափոխությանը եւ արատավոր սովորույթներին զարկ է տվել՝ պատգամավորներից հակասահմանադրական ճանապարհով փորձելով մանդատ խլել։
Այդուհանդերձ, մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ-ում քիչ չեն նաեւ Աղազարյանի աջակիցները, որոնք գաղտագողի հանդիպում, զանգում են իրենց գործընկերոջը եւ պահանջում Նարեկ Զեյնալյանի պես չհանձնվել: Նրանք չեն համարձակվում դա անել բացահայտ, որ հանկարծ Փաշինյանը չիմանա եւ մի sms էլ իրենց չուղարկի՝ դիմում գրելու «խնդրանքով»։ Այդուհանդերձ, Հովիկ Աղազարյանի դեպքը կարող էր նախադեպային դառնալ եւ հիմք դնել Փաշինյանի մենիշխանությունը քանդելու գործընթացին, եթե երեկ նոր եւ ավելի ուժգին տեռոր չկիրառեին նրա նկատմամբ։ Վիետնամյան վոյաժից երեկ Հայաստան ժամանած Ալեն Սիմոնյանը նույն օրը թարմ ուժերով լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին:
Առավոտյան դեռ շատ վճռական Հովիկ Աղազարյանը, որ նույնիսկ հայտարարության տեքստ էր պատրաստել եւ պետք է ժամը 18:00-ին ուղիղ եթեր մտներ, ժամը 16:00-ին Ալեն Սիմոնյանի մոտ մտնելուց հետո դուրս եկավ կերպարանափոխված եւ ասաց. «Դեռ մտածելու հարցեր կան, չունեմ վերջնական որոշում»։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն երկիրն է սեփական բոստանի նման օգտագործում, իշխանության մեջ գտնվողներին էլ իր անձնական ստրուկներն է համարում, որոնց ապրել-չապրելու ճակատագիրն իր ձեռքում է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: