Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին առաջարկել է հաստատել հանրապետության նախագահական ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։
«Ես առաջարկում եմ Վրաստանում հաջորդ նախագահական ընտրություններն անցկացնել 2024 թվականի դեկտեմբերի 14-ին: Հետևաբար, մեր օրենսդրության հիման վրա երդմնակալությունը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 29-ին»,- ասել է Պապուաշվիլին երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի բյուրոյի նիստում:
Վրաստանը հանրապետություն է կառավարման խորհրդարանական ձևով, գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ։ Պետության ղեկավարը նախագահն է, որին առաջին անգամ կընտրի 300 հոգանոց ընտրական կոլեգիան։ Այս մարմնի կազմի կեսը լինելու են խորհրդարանականները, մնացածը կներկայացնեն մարզերի պատվիրակներ։
Ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցում է ընդդիմությանը և նրա հետ միասին չի ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Զուրաբիշվիլին պետության վերջին ղեկավարն է, որն ուղղակիորեն ընտրվել է վեց տարի ժամկետով։ Նախկինում նա չի բացառել, որ կառաջադրվի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով։