Երեկ ժամը 14։45 րոպե ես հեռախոսազանգ եմ ստացել Մոսկվայից, իմ ուսանողական ընկերոջ կողմից, որ ինքը շատ կնեղանա, եթե արձագանքեմ վարչապետի հրապարակային խնդրանքին առանց իր հետ խորհրդակցելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ խոսելով մանդատը դնել-չդնելու իր որոշման հետաձգման մասին։
Հարցին՝ թիմից ճնշումներ կա՞ն պատգամավորական մանդատը վայր դնելու հարցով, Աղազարյանը պատասխանեց․ «Այո, թիմից ճնշումներ կան, իմ որոշ ընկերներ ճնշում են։ Որոշներն ասում են՝ դիր, որոշներն ասում են՝ մի դիր։ Ես չեմ կարող առանց իմ ընկերոջ հետ խորհրդակցելու որոշում կայացնել»։
Հարցին՝ իր այդ ընկերը Նիկոլ Փաշինյանից ավելի մեծ հեղինակությո՞ւն է, Աղազարյանը պատասխանեց․ «Նա ինձ համար բացարձակ հեղինակություն է»։