Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Երասխ այցելությունն ու հանդիպումը Լեհաստանից ժամանած Եվրոպական միության դիտորդական առաքելության պատվիրակության հետ։
Նշվել է, որ Լեհաստանի նախագահի այցը հայ-ադրբեջանական սահմանային գոտի «Եվրամիության անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների հակաադրբեջանական քաղաքականության հերթական ցուցադրությունն է»։
«Մենք խորապես ափսոսում ենք, որ մի երկրի նախագահը, որը պաշտոնապես Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, մասնակցել է անընդունելի դիվանագիտական «հեռադիտակային շոու»-ին։ Չնայած ադրբեջանցի պաշտոնյաների կողմից Լեհաստանի նախագահի աշխատակազմին և արտաքին գործերի նախարարությանը հղած բազմաթիվ ուղերձներին, լեհական կողմը զերծ չի մնացել այս սադրիչ քայլից»,- ասվում է հրապարակման մեջ։
Ընդգծվել է, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկելու անհրաժեշտ դիվանագիտական միջոցներ այս ոչ բարեկամական քայլի դեմ։