Իմ վարչապետության ընթացքում ես այդպես էլ, մինչև X պահը, պաշտոնական միջոցառումների ժամանակ չեմ հանդիպել ՀՀ օրհներգի նույն ձևի կատարման, չկա արագության, տեմպի ստանդարտ։ Այս մասին Կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է կարգավորել ՀՀ օրհներգի և դրա կատարման հետ առնչվող հարցերը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, թե որևէ ոլորտում, երբ մենք փոփոխություններ են արվում ու չեն հասնում ԴՆԹ մակարդակի, դրանք ամբողջական չեն կարող լինել։
«Օրինակ՝ որևէ միջոցառման կազմակեպման ընթացքում ջրին, գինուն, բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ նշանակություն ու ուշադրություն ենք հրավիրում, քան՝ օրհներգին, որովհետև «Յութուբ»-ում հազար հատ օրհներգ կա։ Երբեք ոչ ոք իրեն հարց չի տվել՝ ոնց է հնչելու օրհներգը, ինչ օրհներգ է հնչելու։ Հանձնարական եմ տվել՝ իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ ու հասկանալիորեն որոշակի որակական ստանդարտին համապատասխան»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ օրհներգի տեքստի մեջ ոչ մի բառի փոփոխություն չի կատարվում, առաջարկվում է միայն քառատողերրի դասավորվածության փոփոխություն։