Եվրախորհրդարանի պատգամավորները, որտեղ մեծամասնությունը Եվրահանձնաժողովի ներկայիս ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմնակիցներն են, հինգշաբթի օրը ձայների մեծամասնությամբ ընդունել են Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ևս մեկ բանաձև, որը կոչ է անում չճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքներն այս երկրում և անցկացնել կրկնակի ընտրություններ։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 444 պատգամավոր, դեմ է քվեարկել 72-ը, ձեռնպահ՝ 82-ը։
«Եվրախորհրդարանը մերժում է խորհրդարանական ընտրություններ արդյունքները և կոչ է անում կրկին ընտրություններ անցկացնել մեկ տարվա ընթացքում միջազգային վերահսկողության ներքո՝ ապահովելու իսկապես արդար և թափանցիկ ընտրական գործընթաց»,- նշված է փաստաթղթում։
Պատգամավորները նաև պաշտպանել են ԵՄ-ի մտադրությունը՝ տեխնիկական առաքելություն ուղարկել Թբիլիսի՝ վերլուծելու Վրաստանում ստեղծված իրավիճակը։
Փաստաթղթում «պատժամիջոցների ենթակա» անձանց թվում են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետը, իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին, ինչպես նաև «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։
Բանաձևում ասվում է, որ Թբիլիսիի «հակաեվրոպական քաղաքականության» շարունակությունը անհնարին կդարձնի «Վրաստանի ուղին դեպի ԵՄ»։
«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին, Եվրահանձնաժողովին, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը և նոր բարձր ներկայացուցչին՝ վերանայել Վրաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը», - եզրափակել են պատգամավորները։