Սիրիայում ահաբեկիչների դեմ անհրաժեշտ է համատեղ, վճռական և համակարգված գործողություններ ձեռնարկել, հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով վերջին օրերին սիրիական Հալեպ և Իդլիբ քաղաքների մերձակայքում ստեղծված իրադրությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
«Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ակտիվությունից հետո Իրանը կոչ է անում վճռական, համակարգված գործողություններ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկչության տարածումը ողջ տարածաշրջանում», - հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:
Նա նշել է, որ վերջին օրերին Սիրիայում ահաբեկիչների ձեռնարկած գործողություններն «իսրայելցիների և ԱՄՆ-ի մշակած սխեմայի մի մասն են՝ Արևմտյան Ասիայում իրադրությունն ապակայունացնելու համար»։
Բաղային զգոնության և ջանքերի համակարգման կոչ է արել տարածաշրջանի բոլոր երկրներին, հատկապես Սիրիայի հարևաններին՝ «այս վտանգավոր դավադրությունը չեզոքացնելու համար»։
Իրանի ԱԳՆ խոսնակը կրկնել է Իրանի շարունակական աջակցությունը Սիրիայի կառավարությանը և ժողովրդին։
Հալեպի և Իդլիբի նահանգներում սիրիական զինված ուժերի և հակակառավարական կազմավորումների միջև մարտեր են ընթանում։
«Հալեպում և Իդլիբում գործող «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը նոյեմբերի 27-ի երեկոյան հզոր և լայնածավալ գրոհ է ձեռնարկել մեծ թվով ահաբեկիչներով, ծանր զինատեսակներով՝ հարձակվելով խաղաղ գյուղերի, քաղաքների և այս տարածքներում գտնվող ռազմական օբյեկտների վրա»,- հայտարարել է Սիրիայի բանակը: