Հետևեք մեզ։

Բաքվում միջազգային խորհրդաժողովը դիտարկվում էր որպես խաղաղությանը նպաստելու հնարավորություն, սակայն հիասթափությունը չուշացավ. Ֆրենկ Փալոն

21:48, 29 նոյեմբեր 2024
Բաքվում միջազգային խորհրդաժողովը դիտարկվում էր որպես խաղաղությանը նպաստելու հնարավորություն, սակայն հիասթափությունը չուշացավ. Ֆրենկ Փալոն

ԱՄՆ Պետքարտուղարությունը հիասթափություն է հայտնում, որ Ադրբեջանը թերացել է COP29-ի շրջանակում ամերիկյան օրենսդիրների անվտանգության ապահովման հարցում։ «Լուրերի» թղթակցի հարցմանն ի պատասխան՝ պետքարտուղարության խոսնակը նշել է.

«Միջազգային միջոցառումներ հյուրընկալող բոլոր կառավարություններից ակնկալվում է, որ լրջորեն վերաբերվեն իրենց երկիր այցելողների պահպանության հարցերին»:

 

«Պետքարտուղարությունը չի տրամադրում հավելյալ տեղեկություն Ադրբեջանի հետ դիվանագիտական երկխոսության մասին»,- նշված է հայտարարության տեսքտում։

 

Համաժողովին մասնակցած կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը և Էդ Մարկին հայտարարել են, որ Բաքվում միջազգային խորհրդաժողովը դիտարկվում էր որպես խաղաղությանը նպաստելու հնարավորություն, սակայն հիասթափությունը չուշացավ։

Ֆրենկ Փալոն (ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ (Նյու Ջերսի)) - Կարծում եմ՝ անակնկալ էր նաև Պետքարտուղարության համար, որ իրավիճակը սրվեց այդքան արագ։ Բանը հասավ նրան, որ խորհրդաժողովի ընթացքում նախագահ Ալիևը սկսեց հարձակողական ձևով խոսել Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին, ինչի հետևանքով այդ երկրները չմասնակցեցին COP29-ին։ Համաժողովից առաջ նրանք ավելի էին ուժեղացրել մարդու իրավունքների նկատմամբ ճնշումները և մեծ թվով անձանց էին ձերբակալել։ Դա ճիշտ հակառակն էր, ինչ սպասվում էր:

Էդ Մարկի (ԱՄՆ Սենատի անդամ, (Մասաչուսեթս)) - Մամուլի ասուլիս ունեցանք Բաքվում։ Եկել էր մոտ 50 լրագրող։ Հարց տվեցին Լեռնային Ղարաբաղի մասին։ Ես պատասխանեցի, որ Ադրբեջանը պետք է ազատի քաղբանտարկյալներին, Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան հարյուր հազար հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան, և պետք է ավելի ակտիվ աշխատել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։ Դրանից հետո լրագրողներն ինձ շրջապատեցին։ Նրանք խոսում էին ոչ թե կլիմայական համաժողովի մասին, այլ պնդում էին Ադրբեջանի կառավարության մոտեցումները։ Շատ հստակ է, որ Ադրբեջանի իշխանությունը վերահսկում է մամուլը, և մենք դրա ականատեսը դարձանք։