ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ պաշտոնը լքում է հիասթափության շատ մեծ զգացումով, քանի որ իրենց չհաջողվեց դադարեցնել հակամարտությունը Գազայի հատվածում։
«Աշխարհը չի գիտակցում՝ ինչ է կատարվում այնտեղ, իսկ մեզանից նրանք, ովքեր գիտակցում են, չեն կարողանում այնպես անել, որ «դռները բացվեն», նվազագույն օգնություն հասնի այդ մարդկանց՝ պաղեստինցիներին՝ զուտ գոյատևելու համար»,- իսպանական RNE ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Բորելը։
«Բրյուսելը լքում եմ անբավարարվածության մեծ զգացումով՝ պայմանավորված մեր ու բոլորիս անկարողությամբ՝ դադարեցնելու այդ զանգվածային կոտորածը»,- հավելել է նա։
Բացի այդ, Բորելը Իսրայելի և Լիբանանի միջև զինադադարը որակել է անկայուն, նշել է, որ Ուկրաինայում վիճակն «էլ ավելի վատ է»։