Միացյալ Նահանգները կառուցողական է որակում նախորդ շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ կայացած բանակցությունները. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
«Նախորդ շաբաթվա քննարկումները կառուցողական էին, և մենք հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները նշանակալի առաջընթաց են գրանցել դժվար խնդիրների հաղթահարման հարցում։ Երկու երկրները համաձայնության են եկել որոշակի պայմանների շուրջ և ավելի լավ փոխըմբռնման` մեկը մյուսի տեսակետների վերաբերյալ։ Մենք հավատացած ենք, որ հավելյալ բարի կամքի և ճկունության, ինչպես նաև փոխզիջման պարագայում հնարավոր կլինի հասնել համաձայնության»,- ասել է պաշտոնյան։
Նա կրկնել է՝ ԱՄՆ լիակատար աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և տևական խաղաղության հաստատմանը։