Հետևեք մեզ։

ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր մասով նախաքննական մարմինը նոր գործողություններ կիրականացնի. «Ժողովուրդ»

09:07, 30 նոյեմբեր 2024
ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր մասով նախաքննական մարմինը նոր գործողություններ կիրականացնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը, ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, պատրաստվում է առաջիկայում գործողություններ իրականացնել ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ իշխանության յուրացման փորձի համար կալանքի տակ գտնվող Սերոբ Գասպարյանի մասով։

 

Ինչպես հայտնի է, օրերս նրա կալանքի տակ գտնվելու ժամկետը երարաձգվեց մեկ ամսով:

 

«Դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ թեեւ սույն փոլում շարունակում է առկա լինել հիմնավոր կասկած առ այն, որ Սերոբ Գասպարյանը, հնարավոր է, առնչություն ունի իրեն վերագրվող արարքի հետ, սակայն դատարանը փաստել է նաեւ, որ այս անգամ քննիչը չի ներկայացրել լրացուցիչ տեղեկություններ՝ Սերոբ Գասպարյանի արարքում իշխանությունը յուրացնելու նպատակի առկայության մասին:

 

Ավելին՝ դատարանը նշել է, որ քննիչի կողմից ներկայացված լրացուցիչ փաստերը նվազեցրել են հիմնավոր կասկածի շեմը՝ միեւնույն ժամանակ արձանագրելով, որ ներկա փուլում Սերոբ Գասպարյանի հնարավոր առնչությունն իրեն մեղսագրված արարքին հավաստող տվյալները, առանց այլ տվյալներով ամրապնդման, գործի քննության հետագա փուլերում կարող են բավարար չլինել», – նշել էին նրա փաստաբանները։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:

 

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Հարցաքննությունների արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, որը ԱԺ նախկին պատգամավորի եղբայրն է , Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս.-ն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու պայմաններ:

 

Մասնավորապես, նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններն ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների:

 

Բացի այդ, նրանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ հնչեցնելով այդ կերպ Հայաստանի Հանրապետությունը «մաքրելու» և «փրկելու» կոչեր:

 

Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորված են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: