Երեկ բոլորը եւս մեկ անգամ համոզվեցին, որ «Մայդանը» չի կարող տեղի ունենալ Վրաստանում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս մասին ասել է կառավարության վարչակազմում հրավիրված մամուլի ասուլիսում։
Կառավարության ղեկավարի խոսքով, երեկվա հանրահավաքի հիմնական պատասխանատվությունը կրում են եվրոպական համապատասխան քաղաքական գործիչները և տեղական իսթեբլիշմենթը, որը «4 քաղաքական կուսակցությունների տեսքով ներկայացված հինգերորդ շարասյունն է»։
«Արդեն երրորդ տարին է, որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ և չինովնիկներ, որոնք չեն կարողացել հասնել Վրաստանի ուկրաինացմանը, անընդհատ փորձում են օգտագործել իրենց թեկնածուի կարգավիճակը և բանակցություններ սկսելու հարցը՝ երկիրը թուլացնելու և Վրաստանում բևեռացում հրահրելու համար։ Հիշեցնում ենք, որ այս 3 տարիների ընթացքում թեկնածուի կարգավիճակը, ապա՝ բանակցություններ սկսելու հարցը, օգտագործվել են որպես երկրի իմիջի վրա հարվածելու և հասարակությանը ճնշելու հիմնական միջոց։ Երեկվա բռնի հանրահավաքի հիմնական պատասխանատվությունը կրում են եվրոպական համապատասխան քաղաքական գործիչները, չինովնիկները և տեղական մարմինը՝ հինգերորդ շարասյունը, որը ներկայացված է 4 քաղաքական կուսակցությունների տեսքով։ Երեկ բոլորին պարզ դարձավ, որ բոլորն ամեն ինչ շատ լավ գիտեն։ Ուղղակի արմատականներն ու նրանց օտարերկրյա հովանավորները միշտ փորձում են պատրվակ հորինել երկիրը կործանելու և Վրաստանը Ուկրաինայի վերածելու համար։ Նրանք դեռ չեն հասկացել, որ ի տարբերություն 2013-ի Ուկրաինայի, Վրաստանը անկախ պետություն է՝ ուժեղ ինստիտուտներով և, որ ամենակարեւորն է, փորձառու ու իմաստուն մարդկանցով, որոնց իշխանությունը ոչ ոք չի կարող սասանել։ «Մայդանի» սցենարը չի կարող իրականացվել Վրաստանում, իսկ վրացական պետությունը դա թույլ չի տա»,- ասել է վարչապետը։