8-ամյա Սոֆիա Բաղրամյանը դարձել է Խնդիրների լուծման աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: Մրցաշարը, որը Շախմատի աշխարհի առաջնության մի մասն է, տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին։ Այս տարի Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնությունը տեղի է ունեցել Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում նոյեմբերի 14-27-ը։
Այս մասին հայտնում hetq.am-ը։
Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում հաղթող է ճանաչվել Չինաստանը ներկայացնող Չեն Զիհանը։
«Հետքի» հետ զրույցում Սոֆիայի մայրը՝ Նոնա Վարդանյանը, ասել է, որ շախմատային վեց խնդիր է եղել, և Սոֆիան բոլոր վեցն էլ կարողացել է արագորեն լուծել ու մինչև 8 տարեկան աղջիկների կատեգորիայում զբաղեցրել է առաջին տեղը։
«11 օր անընդմեջ Սոֆիան խաղացել է, կարողացել է հաղթել կամ ոչ ոքի անել բավականին ուժեղ խաղացողների, ընդ որում Ռուսաստանի մինչև 8 տարեկան աղջիկների չեմպիոնին։ Բայց վերջին երկու օրը ես արդեն զգում է, որ Սոֆիան հոգնել է, ֆիզիկապես էլ չէր կարողանում։ Իր ամենաերկար խաղը առաջնությունում տևել է 4 ժամ 40 րոպե ու արդյունքում ոչ ոքի»,-ասում է Նոնան։
Նրա խոսքով՝ Սոֆիան առաջին հայ շախմատիստուհին է, որը իր տարիքային խմբում կարողացել է Խնդիրների լուծման աշխարհի առաջնությունում դառնալ ոսկե մեդալակիր։
Սոֆիան այս տարի ավելի վաղ Պրահայում կայացած Եվրոպայի շախմատի առաջնությունում դարձել էր Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն։