ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել իր որդուն՝ Հանթեր Բայդենին։ Նա մեղադրվում է հարկային հանցագործությունների և զենքի մասին օրենքի խախտումների համար։
Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդում է՝ Բայդենի հայտարարության մեջ նշվում է․
«Այսօր ես ստորագրել եմ իմ որդու՝ Հանթերի ներումը։ Պաշտոնը ստանձնելու օրվանից ի վեր ես ասել եմ, որ չեմ միջամտի Արդարադատության նախարարության որոշումներին, և պահել եմ իմ խոսքը անգամ այն ժամանակ, երբ իմ որդուն անարդար հետապնդում էին։ Փորձելով կոտրել Հանթերին` փորձեցին կոտրել ինձ, հիմք չկա հավատալու, որ դա կավարտվի այսքանով։ Բավական է, այս որոշումը հետաձգելու իմաստ չկար»։
Բայդենը հավելել է՝ հույս ունի, որ ամերիկացիները կհասկանան իրեն՝ որպես հայր։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Հանթեր Բայդենն իրեն մեղավոր է ճանաչել հարկային հանցագործությունների վերաբերյալ իրենց ներկայացված 9 կետերով, որոնք ենթադրում են մինչև 17 տարվա ազատազրկում։ Դատական նիստը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 16-ին։