Երբ ես ասում եմ՝ ներել եմ Նիկոլին, դա չի նշանակում, որ ես ասում եմ՝ հասկացել եմ, որ Նիկոլը ճիշտ էր, կամ նրա գործողությունները օրինաչափ էին և որ նա չպետք է պատասխան տա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդեն իսկ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանին համարո՞ւմ է պատերազմի մեղավոր, Նազարյանը պատասխանեց․ «Նրան և ոչ միայն նրան։ Իմ անդադար ելույթները բերեց նրան, որ խորհրդարանում մի օր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Ես կարող էի այնպես անել, որ այս պատերազմը չլիներ, բայց արդյունքը գրեթե նույնն էին լինելու», ես մտածեցի՝ դրանից հետո քաղաքական ուժերը կգնան փողոց ու կասեն՝ դե խոստովանեցիր, էլ ինչ ես մնում։ Բայց դա տեղի չունեցավ»։
Հարցին՝ ում է համարում պարետազմի պատասխանատու բացի Նիկոլ Փաշինյանից, Գեղամ Նազարյանը պատասխանեց․ «Ես այդ մասին խոսելու եմ այդ պահին, երբ զգամ, որ իմ ասելը այս երկրին օգուտ կտա։ Հեշտ է ասել՝ միակ մեղավորը Նիկոլն է։ Իհարկե, նա ծանր մեղավորություն ունի, բայց դա չի նշանակում, որ նա մենակ է եղել»։
Հարցին՝ պատրաստվում է մարդկանց բացատրել, թե պատերազմի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյա՞նը չէ, Նազարյանը արձագանքեց․ «Հա»։