2024 թվականի նոյեմբերի 29-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի ու Կ.Պ.-ի միջև 2005 թվականի հունիսի 20-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը: Որպես գործարքի անվավերության հետևանք՝ Դատարանը Կ.Պ.-ին պարտավորեցրել է Երևան համայնքին վերադարձնել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշին փողոցին հարող՝ 1.286 հա մակերեսով հողամասը:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2023 թվականի փետրվարի 2-ին հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Կ.Պ.-ի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք անվավեր ճանաչել գույքի նկատմամբ Կ.Պ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Գլխավոր դատախազության հայցի հիմքում դրված էր այն հանգամանքը, որ 2005 թվականի հունիսի 20-ին Երևանի քաղաքապետի և Կ.Պ.-ի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը հակասել է Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջին՝ առկա չի եղել վերոնշյալ հողամասն օտարելու վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմնի որոշում: