Եթե չեմ սխալվում, երկու տարի առաջ այս ամբիոնից հայտարարել եմ, ասել եմ՝ եթե մեզ հաջողվի մեկ-երկու տարի պահել մեր պետականությունը, դա նշանակում է, որ մենք առաջիկա հարյուրամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծել և ստեղծում։ Այս մասին ԱԺ նիստում բյուջեի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Ահա երկու տարի անց ես կանգնած եմ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ամբիոնին՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Պետք է այսպիսով արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր և ռազմավարական խնդիրը լուծված է, բայց մեզ չի կարելի ոչ մի վայրկյան թուլացնել մեր զգոնությունը, որովհետև այն մարտահրավերները, որոնք մենք ունեինք երկու տարի առաջ, այդ մարտահրավերների մի մասը, մի զգալի մասը դարձել են էականորեն ավելի կառավարելի։ Բայց նաև ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որոնք որոշակիորեն կառավարելու համար անհրաժեշտ է, որ մենք հաղթահարենք ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձևերը և ավելի ու ավելի ամուր կանգնենք՝ պարզապես պետություն, ուղղակի պետություն, որի միակ խնդիրը սեփական տարածքում, սեփական քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունն ապահովելն է։
Մեզ պետք է ամուր կանգնել այդ հիմքերի վրա, այս տեսլականի, այս հայեցակարգի վրա և քայլ-քայլ, զգուշորեն, ինքներս մեզ հաշիվ տալով, որ դեռևս շարունակում ենք քայլել ականապատ դաշտի միջով, կարողանանք հաղթահարել այս ականապատ դաշտը և միջավայրը ու հասնել այն հանգրվանին, որը հնարավորություն կտա ասել, որ մենք, ահա երաշխավորեցինք մեր պետության լինելիությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում։ Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե հերթական տեսլականն եմ ձևավորում ապագա սերունդների համար։
Ազգային ժողովի հարգելի նախագահ,
հարգելի փոխնախագահ,
Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
սիրելի ժողովուրդ,
ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն Կառավարությունը, հենց մենք ենք այն խորհրդարանը, հենց մենք ենք այն ժամանակը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ ահա մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում»,-ասել է Փաշինյանը։