Հետևեք մեզ։

Կարող ենք խնդիր դնել, որ երկու թշնամի երկրների բանակներից ավելի ուժեղ բանակ ունենանք, իսկ եթե պարզվի, որ երեք երկրի հետ է մեր խնդիրը․ Նիկոլ Փաշինյան

10:34, 03 դեկտեմբեր 2024
Կարող ենք խնդիր դնել, որ երկու թշնամի երկրների բանակներից ավելի ուժեղ բանակ ունենանք, իսկ եթե պարզվի, որ երեք երկրի հետ է մեր խնդիրը․ Նիկոլ Փաշինյան

Մենք ընդհանրապես շատ ենք խոսել և շարունակում ենք խոսել այն մասին, թե ինչպիսին պետք լինի բանակի կամ ազգ-բանակի, կամ պետության-բանակի մեր ընկալումը, բայց էլի ուզում եմ ընդգծել, որ ազգ-բանակ ընկալումը ազգ-նահատակ ընկալման շարունակությունն է և բխում է նրանից, որովհետև եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ: Այս մասին ԱԺ նիստում բյուջեի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

 

«Մենք շատ խոսում ենք նրա մասին, որ մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, և սա ճիշտ օրակարգ է, և մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը: Բայց նորից ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն և ո՞ւմից ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, որովհետև ինչպես այս ամբիոնից առիթ ունեցել եմ ասելու, պիտի այս հարցում մենք շատ հստակ կողմնորոշվենք և ուղիղ և անկեղծ ուղերձներ փոխանակենք ու կիսենք մեր ժողովրդի հետ:

Ուժեղ ո՞ւմից: Ես չեմ ուզում հիմա կոնկրետ երկրների օրինակներ բերել, բայց այդ հարցին մենք պետք է պատասխանենք, իսկ քանի՞ համադրված բանակներից մենք պետք է ավելի ուժեղ լինենք: Լավ, մենք կարող ենք խնդիր դնել, որ կարող ենք և պիտի ունենանք մի երկրի բանակից ավելի ուժեղ բանակ, իսկ եթե երկու երկրների հետ է մեր խնդիրը, շատ լավ, կարող ենք խնդիր դնել, որ երկու երկրների, այդպես կոչված՝ թշնամի երկրների բանակներից ավելի ուժեղ բանակ ունենանք: Շատ լավ, իսկ եթե պարզվի, որ երեք երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի, որ չորս երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի, որ հինգ երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի մեր խնդիրը ոչ միայն մեր թշնամիների հետ է, այլ նաև մեր բարեկամների հետ է, մենք ումի՞ց ինչքա՞ն ուժեղ բանակ պետք է ունենանք: Այսինքն՝ սա մի խնդիր է, որին մենք պետք է արձագանքենք և պետք է պատասխանենք, բայց ես ինչի՞ համար եմ սա ասում, ես սա ասում եմ, այդ թվում՝ վերլուծելով մեր մոտեցումները, այդ թվում՝ մեր սխալները, որոնց ես ավելի ուշ կանդրադառնամ, բայց ես չեմ ուզում մենք փակուղի մտնենք, ես ուզում եմ նաև լուծում առաջարկել:

 

Ես ասում եմ, որ ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձևերը հաղթահարելու համար մեզ պետք է որդեգրել մեկ այլ՝ բոլորովին ուրիշ տրամաբանություն, պարզապես պետության տրամաբանությունը, որը գործում է միայն ու միայն, բացառապես սեփական շահերին համապատասխան: Այսինքն՝ պետությունն ունի կոնկրետ տարածք, պատասխանատվության կոնկրետ գոտի, միջազգայնորեն ճանաչված կոնկրետ տարածք և գործում է միայն ու միայն այդ տարածքի, միայն ու միայն, հասկանո՞ւմ եք, միայն ու միայն, այդ սեփական պատասխանատվության տարածքի շահերին համապատասխան»,-ասել է Փաշինյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները