Այս 6-7 տարիներին բանակին ուղղված ինչ ասես չլսեցինք, վերջին շրջանի հարվածները նպատակ ունեն ոչնչացնելու այն ֆունդամենտը, որի շուրջ համախմբվում, ներդաշնակեցվում է մարդը՝ որպես երկրի համար կարևոր ինստիտուտի մասնիկ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց՝ իշխող ուժի ղեկավարը մեկ հայտարարարում է՝ բանակը չսրբագործենք, բայց զուգահեռ երկրի հերոս է հռչակում հարկ վճարողին՝ միմյանց հակադրելով հասարակական տարբեր խմբերին, մեկ էլ հայտարարում է, թե մեզ միջազգային տեսանկյունից որպես ազգ-նահատակ են դիտում, եկեք հասկանանք՝ ում կամ քանի բանակի դեմ ենք պայքարում։
«Երբ խոսում եմ զինծառայողի առաքելության և անգնահատելի ծառայությունների մասին, որևէ ձևով չի հակադրվում դա իր պարտքը հասարակության նկատմամբ կատարող բժշկի, գործարարի, հողագործի մասնագիտություններին»,- ասաց Աբրահամյանը և հավելեց, որ ԱԺ բարձր ամբիոնից տարբեր ելույթներ են հնչել, բայց տարօրինակ է, որ իշխանության ղեկին կանգնած անձը խոսում է երկրի՝ ազգ-նահատակի իմիջ ունենալու մասին, բայց չի խոսում դրա պատճառների մասին։
«Ինչպե՞ս ստացվեց, որ հենց այդ խոսողի ղեկավարած երկրում 2020-ին ավերիչ պատերազմ եղավ, հազարավոր մարդիկ զոհվեցին, հետո Հայաստանի դեմ Ադրբեջանը 3 տարի շարունակ ագրեսիայի դիմեց, որի հետևանքով մեր երկիրը կարևոր տարածքներ կորցրեց: Եվ վերջապես՝ ո՞ւմ գործունեության հետևանքով Արցախի ադրբեջանացման հիմքը դրվեց, իսկ հետո նրա իսկ հանցավոր լռությամբ՝ ամբողջությամբ օկուպացվեց:
Ազգ-բանակ հայեցակարգը, ճիշտ հակառակը, հասարակության ամուր սատարմամբ այնպիսի բանակի կառուցումն է, որը հնարավորություն էր տալիս մեր երկրին դիմագրավելու մեր երկրի առաջ առկա սպառնալիքներին»։