«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբեր ամսվա գործուղումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի համար նվերաշատ են եղել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել էր Վատիկան՝ Սուրբ Աթոռ, որի ընթացքում Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապից ստացել էր նվեր՝ կավե քանդակ «Քնքշանք եւ սեր» անվամբ։
Քանդակի պատրաստման համար օգտագործվել է էնգոբայի տեխնիկան, որը կավին տալիս է հարթ, կաշվե տեսք, որն այնուհետեւ ամրացվում է մոմապատ պատինայով։ Քանդակը մի կողմից պատկերում է Սրբություն Ֆրանցիսկոս Ասսիզենցուն, ով խաղաղության, մարդկության եւ բնության հանդեպ հարգանքի խորհրդանիշն է, իսկ մյուս կողմից՝ աղտոտվածության, վտանգված աշխարհի պատկերը։ Նվերի՝ ստացողի կողմից գնահատված արժեքը ՀՀ դրամով կազմել է 37 հազար 978 ՀՀ դրամ։
Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության դեսպանության կողմից նոյեմբերի 22-ին ստացել է նվեր թեյնիկ, բաժակների եւ թեյերի հավաքածու 60 հազար ՀՀ դրամ արժողության։ «Հանրային ծառայության մասին» օրենքով կարգավորվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չպետք է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացմանն առնչվող նվերներ ընդունեն կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի արդեն նախկին նախագահ Սասուն Խաչատրյանին ՀՀ Գլխավոր դատախազությունը նվիրել է 925 հարգի արծաթյա՝ «Գնոմո» տեսակի ժամացույց, որի քաշը կազմել է 7,23 գրամ, իսկ գոտին բնական կաշվից է։ Ժամացույցն արժեցել է 94 հազար դրամ։
Տեղեկացնենք, որ եթե 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60.000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին: Բացի դրանից, հանրային պաշտոն զբաղեցնող անձը եւ հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։ 40.000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման՝ բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 եւ ավելի) բնույթ կրող դեպքերի։ Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: