Հետևեք մեզ։

Կոնֆիդենցիալ գաղտնիքը պետական գաղտնիքի հետ ի՞նչ կապ ունի. Հակոբ Արշակյան

15:31, 04 դեկտեմբեր 2024
Կոնֆիդենցիալ գաղտնիքը պետական գաղտնիքի հետ ի՞նչ կապ ունի. Հակոբ Արշակյան

Կոնֆիդենցիալ գաղտնիքը պետական գաղտնիքի հետ ի՞նչ կապ ունի: Եթե կա պետական գաղտնիքի հարց, դրանով այլ մարմիններ պետք է զբաղվեն, կոնֆիդենցիալն ուրիշ բան է: Իսկ եթե պետական գաղտնիքի թեմա կա, և պաշտոնական հաղորդագրության մեջ է, դա ուրիշ հարց է: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ լրագրողների խնդրանքով արձագանքելով հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։

 

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Արշակյանը ՔՊ կուսակցության վարչության անդամ է, վերջինս տվեց բացասական պատասխան:

 

Հարցին՝ արդյոք երեկ եղե՞լ է վարչության նիստին, պատասխանեց՝ նիստին ներկա է եղել, սակայն դրվագային:

 

«Այսինքն՝ այլ բանի վերաբերյալ հարցի ժամանակ»,- պարզաբանեց Արշակյանը՝ չցանկանալով բարձրաձայնել ներքին քննարկումների մասին:

 

Հարցին՝ ո՞րն է Աղազարյանին ՔՊ խմբակցությունից հանելու գլխավոր պատճառը, Արշակյանը խորհուրդ տվեց կարդալ հաղորդագրությունը:

 

«Արտահոսքերի պատճառով»,- պատասխանեց ԱԺ նախագահի տեղակալը: 

 

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե մինչ այդ ասվում էր, որ խորհրդարանում Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպն է եղել պատճառը, Արշակյանը պարզաբանեց՝ հենց այդ միջադեպն է պատճառ եղել քննարկումների, որոնց արդյունքում պարզվել է՝ տեղի է ունեցել արտահոսք ներքին քննարկման, այդ թվում՝ նաև պետական նշանակության հարցերի վերաբերյալ:

 

Նա հրաժարվեց պատասխանել հարցին՝ ինչ պետական տեղեկության մասին է խոսքը:

 

«Ես կարծում եմ՝ հարցը կոռեկտ չէ, որովհետև ինչ-որ մեկին վերաբերմունք ենք ցույց տալիս մի բանի համար, որը չէր կարելի անել, ակնկալել, որ նույն բանը ես կանեմ, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ»,- հավելեց Արշակյանը:

 

Նրա խոսքով՝ փակ քննարկումից արտահոսք կազմակերպելը, այդ թվում՝ նաև պետական հարցերի վերաբերյալ, որը փակ քննարկման նյութ է, մի բան է, մամուլի հետ շփումը՝ այլ բան:

Վերլուծական