Հետևեք մեզ։

Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում միակ երկիրն է եղել, որը արձագանքել է դաշնակցի խնդրանքին․ վարչապետը` Սիրիա սակրավորներ ուղարկելու մասին

21:12, 04 դեկտեմբեր 2024
Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում միակ երկիրն է եղել, որը արձագանքել է դաշնակցի խնդրանքին․ վարչապետը` Սիրիա սակրավորներ ուղարկելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը միշտ հետևել է ՀԱՊԿ-ում դաշնակցային իր պարտավորություններին, բայց դաշնակից երկրները չեն աջակցել ՀՀ-ին վճռորոշ պահերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանը հիշեցրեց 2019 թվականին Սիրիա սակրավորների և բժիշկների խումբ գործուղելու որոշման մասին, որը, նրա խոսքով, տեղի է ունեցել Հայաստանի դաշնակցի խնդրանքով՝ ի հեճուկս արևմտյան երկրների պահանջների և դժգոհությունների։

 

«Ինչու ենք ուղարկել, որովհետև մեր դաշնակիցը մեզ խնդրել է, ասել է՝ մենք ձեր օգնության կարիքը ունենք։ Եվ մենք արձագանքել ենք, որովհետև մենք դրանով նաև ցույց ենք տվել, թե դաշնակից լինել ի՞նչ է նշանակում։ Ընդ որում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում միակ երկիրն ենք եղել, որ մեր դաշնակցի խնդրանքներին արձագանքել ենք։ Ինչի՞ համար ենք արել, որովհետև մենք ասել ենք, որ մենք հարաբերությունների այսպիսի որակ ենք պատկերացնում։ Մենք այսպես ենք պատկերացնում դաշնակից լինելը և սեփական պայմանագրային պարտավորությունների նկատմամբ վերաբերմունքը»,- ընդգծեց Փաշինյանը։

 

Վարչապետը հավելեց, որ նման քայլերով Հայաստանը ցույց է տվել իր դաշնակցային պարտավորությունների կատարման բարձր մակարդակը, սակայն նույնը չի կարելի ասել դաշնակիցների վարքագծի մասին։

 

«Բայց նույնիսկ այն ժամանակ մեզ ասում էին արևմտյան կամակատար կառավարություն։ Բա թող այդ մարդիկ ամենաբարձր մակարդակով պատասխանեն անձամբ ինձ։ Բայց ես սրանով նաև ուզում եմ արձանագրել, որ, ցավոք, մեր ոչ բոլոր դաշնակից պատկերացումն է դաշնակից լինելու վերաբերյալ այնպիսին, ինչպիսին մերն է եղել։ Եվ որևէ մեկը մեզ որևէ բանում մեղադրելու ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական հիմք չունի։ Մենք ճշգրիտ, թե՛ բարոյապես, թե՛ քաղաքականապես, թե՛ իրավական առումով, մեր բոլոր դաշնակցային պարտավորությունները կատարել ենք, բայց մեր նկատմամբ դաշնակցային պարտավորությունները չեն կատարվել։ Նեղ պահին մեզ թողել են մենակ, մեզ լքել են և, այո, կան կարծիքներ, որ մեզ դավաճանել են և ես փաստարկ չունեմ այդ կարծիքը հնչեցնողներին ասեմ` գիտեք ինչ, դուք սխալ եք ասում»,- եզրափակեց Փաշինյանը։

 

Վերլուծական