Հետևեք մեզ։

Ֆրանսիայում կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո պահանջում են Մակրոնի հրաժարականը. նա վաղը կդիմի ժողովրդին

01:44, 05 դեկտեմբեր 2024
Ֆրանսիայում կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո պահանջում են Մակրոնի հրաժարականը. նա վաղը կդիմի ժողովրդին

Ֆրանսիայում ձախակողմյան «Ֆրանսիան չնվաճված» կուսակցության առաջնորդ Մատիլդա Պանոն խորհրդարանի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո պահանջել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը։

 

Մատիլդե Պանոյի հայտարարությունը հեռարձակել է BFMTV հեռուստաալիքը։

 

«Մակրոնը ստեղծեց այս քաոսը։ Նա պատասխանատու է ֆրանսիացիների աղքատացման, կրթության ու առողջապահության կործանման համար։ Այսօրվա անվստահության քվեն Մակրոնի քաղաքականության պարտությունն է. Այլ լուծում չի մնացել՝ պահանջում ենք, որ Մակրոնը գնա. Ֆրանսիացիների ավելի քան 60 տոկոսն այդպես է կարծում»,- ասել է Պանոն։

 

Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը TF1 հեռուստաալիքի եթերում պահանջել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը։

 

«Նա կստանձնի պատասխանատվությունը և կանի այն, ինչ իրեն կասի միտքն ու խիղճը։ Բայց կասկած չկա, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատվությունը նրա վրա է»,- ասել է Մարին Լը Պենը Միշել Բարնիեի կառավարության հրաժարականից հետո։

 

Նշենք, որ դեկտեմբերի 4-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը անվստահություն է քվեարկել Միշել Բարնիեի կառավարությանը։ Կառավարությունը ստիպված կլինի հրաժարական տալ 1962 թվականից ի վեր առաջին անգամ։ Նախարարների կաբինետին անվստահություն հայտնելուն կողմ է քվեարկել 331 պատգամավոր։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մակրոնը 24 ժամվա ընթացքում նոր վարչապետ կնշանակի, եթե Միշել Բարնիեի կառավարությունը հրաժարական տա։

 

Տեղեկություն է տարածվել, որ իրավիճակի հետ կապված Է.Մակրոնը դեկտեմբերի 5-ին դիմելու է ժողովրդին։

Վերլուծական