Չեմ հիշում, պետք է բացեմ, թվերը նայեմ, որ ձեզ տեղեկացնեմ, հայցում եմ ձեր ներողամտությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Աժ պատգամավոր Լևոն Քոչարյանի այն պնդմանը, թե իր հայրիկի նախագահության տարիներին ավելի շատ ներգաղթ է եղել, քան արտագաղթ՝ ասաց Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը:
«Ես ամեն օր ավելի շատ բան մոռանում ե, քան սովորում։ Տեղեկատվական այս մեծ հոսքերի պայմաններում հնարավոր չէ մեծ վաղեմության բաները ուղղակի հիշել»,-ասաց Մնացականյանը, ապա նշեց՝ մի թուղթ ունի, որով կարող է տվյալ ներկայացնել․
«Ոնց որ թե ձեր ուզած թիվը հիշեցի։ Ուրեմն 2001-ին ավելի շատ երկրից գնացել են, քան վերադարձել։ 1990 թվականից սկսած ներառյալ 2023 թվականը միգրացիոն մնացորդը կազմել է 1մլն 66,1 հազար, իսկ սահմանային տեղաշարժերով՝ 1մլն 15,5 հազար։ Տարբերությունն այն է, որ սկզբնական շրջանում սահմանային էլեկտրոնային համակարգը դեռ ձևավորված չէր, միայն օդային տրանսպորտով մուտքային ու ելքային ցուցանիշներն էին, ամբողջական չեն: 2018 թվականին միգրացիայի մնացորդը կազմել է -18.2 հազար, իսկ սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգով՝ +15.3 հազար»: