Հետևեք մեզ։

Բիզնեսները մրցակցում են միմյանց հետ, արդյունքում սպառողների համար ստեղծվում են ավելի լայն այլընտրանքներ. Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել

12:46, 05 դեկտեմբեր 2024
Բիզնեսները մրցակցում են միմյանց հետ, արդյունքում սպառողների համար ստեղծվում են ավելի լայն այլընտրանքներ. Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ, քանզի մրցակցությունը կարևորագույն հանրային բարիք է, որի առկայությունը կամ բացակայությունն անմիջական ազդեցություն է ունենում յուրաքանչյուրիս առօրյա կյանքի վրա:

Որքան ուժեղ է շուկայում մրցակցությունը, այնքան ավելի շատ խթաններ են ստեղծվում բիզնեսի համար աճելու և զարգանալու, դառնալու ավելի նորարար ու մրցունակ:

 

Բիզնեսները մրցակցում են միմյանց հետ, արդյունքում սպառողների համար ստեղծվում են ավելի լայն այլընտրանքներ՝ ձեռք բերելու  ապրանքներն ու ծառայությունները՝ հնարավոր լավագույն որակով և նվազ գնով:  Այս դինամիկան  իր հերթին խթանում է տնտեսական աճն ու զարգացումը՝ ստեղծելով հավելյալ եկամուտներ և ավելացնելով հանրության բարօրությունը:

Այս տարի Մրցակցության համաշխարհային օրվա թեման է «Մրցակցության քաղաքականությունը և անհավասարությունը»:  Անհավասարությունների խնդիրն առանցքային է աշխարհի բոլոր երկրների տնտեսությունների համար, իսկ մրցակցությունը դրա լուծման բանալիներից մեկն է, որը գտնվում է մրցակցային մարմինների ձեռքում:  Այդ բանալին նրանք օգտագործում են տնտեսական անհավասարությունները մեղմելու, շղթայի թույլ օղակում գտնվողների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար՝ հավասարակշռելով և վերականգնելով շուկայում խաղի արդար կանոնները:

Այս հարցերը օրակարգային են նաև Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համար: Հատկանշական է, որ 2024 թվականին  կարևոր օրենսդրական փոփոխություններ իրականացվեցին՝ կարգավորելու առևտրային ցանցերի և գյուղատնտեսական արտադրանք մթերողների կողմից ուշ վճարումների հարցերը, որոնց արդյունքները շատ արագ իրենց զգացնել տվեցին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք  և ամենայն բարիք:

Վերլուծական

Ամենաընթերցվածները