Հայաստանից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չեն ստացվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանի և ՀԱՊԿ հարաբերություններն հատել են անդառնալիության կետը։
«Նման փաստաթուղթ չի ստացվել։ Մենք լսում ենք այս խոսակցությունները, Հայաստանի վարչապետը շատ է խոսել և քննարկել այս թեման խորհրդարանում։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում։ Համոզված ենք, որ անդամակցությունից առավելագույնս օգտվելը բխում է Հայաստանի անվտանգության շահերից»,- ասել է նա։