Հետևեք մեզ։

Պետությանը և համայնքին պատճառված վնասի վերականգնմանն ուղղված դրամական միջոցները կվճարվեն «Վերականգնված միջոցների միասնական հաշվին»

16:59, 05 դեկտեմբեր 2024
Պետությանը և համայնքին պատճառված վնասի վերականգնմանն ուղղված դրամական միջոցները կվճարվեն «Վերականգնված միջոցների միասնական հաշվին»

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել պետությանը և համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարելու ընթացակարգի վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը:

 

Ներկայացված նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի գործունեության արդյունքում: Աշխատանքային խումբը ղեկավարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

 

Որոշման ընդունման առաջնային նպատակն է քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների միասնական և ճշգրիտ տվյալներ ստանալը, ինչպես նաև Ֆինանսների նախարարության կողմից նշված դրամական միջոցների կառավարումը և ծախսերի իրականացումը:

 

Այս որոշմամբ առաջարկվող կարգավորումների նպատակը քրեական վարույթներով՝

 

  • պետությանը,
  • համայնքին,
  • պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին,
  • պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցների վճարման միասնական կարգավորումներ սահմանելն է:

 

Մասնավորապես՝

 

  • Քրեական վարույթներով պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցները վճարվելու են Ֆինանսների նախարարության կողմից կառավարվող՝ գանձապետական հաշվին՝ վերականգնված միջոցների միասնական հաշվին:

 

  • Գլխավոր դատախազությունը եռամսյա պարբերականությամբ ֆինանսների նախարարություն տեղեկատվություն է ներկայացնելու այն քրեական վարույթների վերաբերյալ, որոնցով կատարվել է վնասի վերականգնում և առկա է օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական որոշում, ինչը հնարավորություն կտա ֆինանսների նախարարությանը արդեն որպես եկամուտ տնօրինել նշված գումարները:

 

  • Անձի ռեաբիլիտացիայի դեպքում Գլխավոր դատախազությունը համապատասխան տեղեկատվությունը փոխանցելու է Ֆինանսների նախարարություն, որպեսզի վնասի վերականգնման նպատակով վճարված գումարները հետ վերադարձվեն վճարում կատարած անձին:

 

  • Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման նպատակով գումարները վճարվելու են Դատախազության դեպոզիտ հաշվին և փոխանցվելու են տուժողին եզրափակիչ դատավարական ակտից հետո:

 

  • Համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցները եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կրկին Դատախազության գրության հիման վրա՝ Ֆինանսների նախարարության կողմից կհաշվանցվեն համապատասխան համայնքի, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպությունների կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաշվին:

 

  • Առաջարկվող կարգավորումներից բացառություններ են սահմանված հարկային որոշ հանցագործությունների համար, որոնց դեպքում նախատեսվում է դրանք վճարել հարկ վճարողի միասնական հաշվին՝ տնտեսվարողների համար հնարավոր անբարենպաստ հետևանքները (տուգանքներ և այլն) բացառելու նպատակով:

 

Կառավարության որոշմամբ կարգավորվում են նաև քրեական վարույթներով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման կարգը, ինչպես նաև վերականգնված դրամական միջոցների և արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը:

 

Հանրային հաշվետվողականության նկատառումներից ելնելով՝ Գլխավոր դատախազության կողմից կիսամյակային պարբերականությամբ տեղեկատվություն է հրապարակվելու քրեական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամի վերաբերյալ՝ ըստ նախաքննական մարմինների տարբերակման:

 

Հաշվեհամարը, որին փոխանցվելու են դրամական միջոցները, կոչվելու է «Վերականգնված միջոցների միասնական հաշիվ»:

Վերլուծական