Տվյալ գործի շրջանակներում հայտնաբերվել են տեղեկատվություններ, որոնք կապ ունեն պետական անվտանգության հետ։ Այդ տեղեկատվությունների մեջ առկա են եղել տարբեր տեղեկատվական արտահոսքերի կազմակերպման մասին տեղեկություններ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում, պատասխանելով ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ հարցին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ խոսքը անձնական կյանքի մեջ մտնելու մասին չէ։
«Եթե պետական անվտանգության մասին տեղեկությունը որևէ մեկը իր անձնական չաթում է գրում, դա չեղավ անձնական։ Մենք ԱԺ պատգամավորներ ենք և չունենք անձնական կյանք, անձնական տվյալներ, հանրային գործունեություն ենք ծավալում և պարտավոր ենք լինել հնարավորինս բարեվարք»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշել էր՝ իր հեռախոսն առգրավված է եղել 10 օր, որի ընթացքում հեռախոսից նյութեր են տրամադրվել Նիկոլ Փաշինյանին։