Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բացատրել է խորհրդարանական ընտրություններից հետո ասված խոսքերը դրանց կեղծման մասին, գրում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։ Հիշեցնենք, որ նա Associated Press-ի հետ զրույցում հայտարարել էր «հայկական կարուսել» երևույթի կիրառման մասին, ինչը սկանդալ է առաջացրել:
«Ուզում եմ ասել ազգությամբ հայ (Վրաստանի քաղաքացիների) և հայերին (հարևան երկրում), որտեղ նույնպես ակտիվ է ռուսական քարոզչությունը։ Այս «հայկական կարուսելը» որևէ էթնիկ երանգավորում չուներ»,- նշել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի ղեկավարի խոսքով, ինքն առաջին անգամ լսել է այս արտահայտությունը Էդուարդ Շևարդնաձեի օրոք։ Կեղծիքի նույն մեթոդը, ըստ նրա, կիրառվել է Միխեիլ Սաակաշվիլիի օրոք։
«Եթե չեմ սխալվում, Հայաստանում դա անվանում են «վրացական կարուսել». Սրա մեջ ընդհանրապես էթնիկ պատկանելություն չկա»,- հավելեց նա: