Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանն այսօր գեներալ Յուրի Խարատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովին մեղավոր չի ճանաչել նրան առաջադրված մեղադրանքում և արդարացման վճիռ է կայացրել։ Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
«Տաթևիկ Գրիգորյանն այս գործով վերդիկտ է կայացրել՝ ճանաչելով Իգոր Խաչատուրովի անմեղությունը։ Այսօրվա քրեական դատավարության օրենսգրքի առանձնահատկություններից ելնելով՝ այս պահին քննարկվել է միայն անմեղության հարցը և արդարացնող վերդիկտ է հրապարակել։ Լրացուցիչ դատալսումներ են նշանակվել արդեն ռեաբիլիտացիայի հարցը քննարկելու հետ կապված, որը ենթադրում է, որ ցանկացած քաղաքացի, որն արդարանում է, և քրեական վարույթի ընթացքում նրա նկատմամբ որոշակի իրավունքների սահմանափակումներ են տեղի ունեցել, օրինակ, եթե անձը կալանավորված է եղել, ստացվում է՝ անօրինական է կալանավորված, ուրեմն դրա փոխհատուցում պետք է լինի, եթե աշխատանք է ունեցել ու կորցրել է՝ դրա վերականգնում, աշխատավարձ չի ստացել՝ դրա ստացում, փաստաբանի ծառայությունների վճարումներ և այլն»,-ասաց Միհրան Պողոսյանը։
Հարցին՝ բարոյական վնասի փոխհատուցում նախատեսվո՞ւմ է, փաստաբանն ասաց․ «Բարոյական վնասի փոխհատուցումն արդեն քաղաքացիական դատավարության ընթացակարգով է տեղի ունենում, բայց, ամեն դեպքում, ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ներողություն խնդրել քաղաքացուց անհիմն քրեական հետապնդում իրականացնելու համար»։
Ինչ վերաբերում է դատավոր Տաթևիկ Գրիոգրյանի կայացրած ակտը դատախազության կողմից բողոքարկելու հավանականությանը, ապա Միհրան Պողոսյանն ասաց՝ մեկամսյա ժամկետ կա, որի ընթացքում դատախազությունը կարող է վերոնշյալ դատական ակտը բողոքարկել Վերաքննիչ դատական ատյանում։
Հիշեցնենք, Իգոր Խաչատուրովի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա «Դիմադրության շարժման» ժամանակ Խաչատուրովի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ