Հետևեք մեզ։

Սա Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռյակում կրկին Թուրքիայի ռեալ հաղթանակն ու ձեռքբերումն է` նաև ի հաշիվ մյուս երկուսի. Ռուբեն Մելքոնյանը` Սիրիայում իրադրության մասին

16:58, 08 դեկտեմբեր 2024
Սա Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռյակում կրկին Թուրքիայի ռեալ հաղթանակն ու ձեռքբերումն է` նաև ի հաշիվ մյուս երկուսի. Ռուբեն Մելքոնյանը` Սիրիայում իրադրության մասին

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը գրում է.

 

«Սիրիայում Ասադի իշխանության տապալումից և թուրքամետ զինված խմբավորումների սրընթաց հաղթանակից հետո կարելի է փաստել և կանխատեսել հետևյալը. 

 

1. Սա Մեծ Մերձավոր Արևելքի վերաձևման և վերափոխման փուլերից մեկն է, սակայն ոչ վերջինը


2.Սա համաշխարհային ու տարածաշրջանային իրողությունների և ուժերի հարաբերակցության փոփոխության ամրագրումն է գործնական հարթությունում և ռեալ քաղաքական գետնի վրա


3. Սա Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռյակում կրկին Թուրքիայի ռեալ հաղթանակն ու ձեռքբերումն է` նաև ի հաշիվ մյուս երկուսի


4. Սա Թուրքիայի դերի, հեղինակության աճն է և դրան հակառակ Ռուսաստանի, Իրանի իմիջի անկումն է, ազդեցության թուլացումը, որն ունի մոտ ապագայում էլ ավելի նվազելու ու զրոյանալու միտում


5. Թուրքիայի հայտարարություններում ակնհայտ են հղումները պատմության տարբեր փուլերին և իրավիճակներին, որոնք հստակ քաղաքականության շնորհիվ ներկայումս դառնում են իրողություններ


6. Ռուսաստանի և Իրանի հայտարարությունները, սպառնալիքները և իրական գործողություններն ու քայլերը հետզհետե էլ ավելի են հեռանում իրարից` վերածվելով ոչ ազդեցիկ ու հնաոճ հռետորաբանության, իսկ սպասվող «հիմնավորումները», թե Ասադի բանակը չկռվեց, ուստի իրենք չէի կարող ոչինչ անել, շատ նման են 44-օրյա պատերազմից հետո հնչող «Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղի անկախությունը և մենք ոչինչ չէինք կարող անել» ձևակերպմանը


7. Իրադարձությունները ցույց կտան, թե նոր Սիրիան կլինի Թուրքիայի ուղղակի և ուժեղ ազդեցության տակ երկիր, թե՞ նրա որոշ տարածքներ «ժողովրդի կամարտահայտման միջոցով և ժողովրդի կամքով» դե յուրե կմիանան Թուրքիային որպես նահանգներ


8. Էրդողանը կերտեց իր ևս մեկ լրջագույն հաղթանակը և դա նրան կապահովի նախագահի պաշտոնում կրկին ընտրվելու ռեալ շանս, եթե առողջական վիճակը և մարդու վերահսկողության տակ չգտնվող այլ հանգամանքներ չխոչընդոտեն դրան 


9. Էրդողանը նաև սրանով գործնական քայլ արեց դեպի 1920 թ. Քեմալ Աթաթյուրքի առաջարկած «Ազգային ուխտի» քարտեզ, որի համաձայն Հալեպը և այլ սիրիական տարածքներ պետք է լինեն Թուրքիայի կազմում»: