Հետևեք մեզ։

«Դատապարտյալների հիվանդանոցի» ծառայողը գումարի դիմաց փորձել է հեռախոս փոխանցել դատապարտյալին

12:54, 10 մայիս 2023
«Դատապարտյալների հիվանդանոցի» ծառայողը գումարի դիմաց փորձել է հեռախոս փոխանցել դատապարտյալին

2023 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում նախապես ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայող, արդարադատության ավագ ենթասպա Կ.Կ.-ին: Խուզարկության ընթացքում վերջինս իր սպորտային պայուսակից ինքնակամ հանել և հանձնել է պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել 2 բջջային հեռախոս, 2 USB լար և լիցքավորման սարք: Այլ արգելված իրեր Կ.Կ.-ի մոտից չեն հայտնաբերվել:

 

Կ.Կ.-ն բանավոր հայտարարել է, որ նշված արգելված իրերը նախապես վերցված գումարի դիմաց պատրաստվում էր փոխանցել դատապարտյալ Մ.Ա.-ին:

 

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից Կ.Կ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ և նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Ծանուցում Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։