Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում հայկական կողմի թեզն այն է, որ Թուրքիան չպետք է կախվածության մեջ մտնի երրորդ երկրների հետ Հայաստանի հարաբերություններից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիան Ադրբեջանի գործոնը որպես նախապայման չի՞ դիտվում հայ-թուրքական հարաբերություններում:
«Մենք խոսում ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին: Բնականաբար, եթե նախապայմաններ չլինեին, այդ սահմանը շուտվանից բացված կլիներ: Հիմա, եթե մեր առաջ նախապայմաններ են քաշում, մենք էլ ասում ենք, որ ունենք մեր կարմիր գծերը և տեսլականը: Իսկ դա այն է, որ երկրներն իրար հետ պետք է ունենան նորմալ հարաբերություններ: Երկու երկիր իրար հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակ չպետք է կախվածության մեջ մտնեն երրորդ երկրների հետ մեր հարաբերություններից»,-ասաց պատգամավորը:
Սա է հայկական կողմի թեզը: Թունյանի կարծիքով՝ այդ թեզը հասկանալի է նաև միջազգային հանրության համար:
Հայաստանը և Թուրքիան ավելի վաղ պայմանավորվածություն էին ձեռք բերել հայ-թուրքական սահմանը ամռան սկզբին բացել՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։