Երեկ Գյումրիում ոմն մեկը, ում «բացարձակ չեմ ճանաչում», իրեն բնորոշ թատերական կեցվածքով և արկածախնդիր պահվածքով` հուժկու մենամարտի մեջ է մտել երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակներից մեկի հետ։ Այս մասին իր էջում գրել է ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ստեղծված իրավիճակից Գյումրիում սկսել են ակտիվանալ քաղաքը տարիներով թալանած, բազմաթիվ քրեական գործերով անցնող, ապօրինի կալվածքների տերեր, ծիածանի գույների հետ փոխվող ենթամշակույթներ կրող անձինք, որոնց նպատակը մեկն է` քրեական գործերի հանգուցալուծմանը զուգահեռ, փորձել մտնել քաղաքականություն` հետո այդ ամենը քաղաքական հետապնդում որակելու համար։
Սիրելի՛ գյումրեցի,
մեր քաղաքն այլևս մեջ-մեջ անողներին մերժելու է, դրանց դուք լա՜վ եք ճանաչում, քաղաքականությամբ զբաղվող, բայց մեծ բեմերի դերասանների կարիք չունի՛ այս քաղաքը։
Գյումրին պե՛տք է ունենա գյումրեցու մասին մտածող, ո՛չ թե սեփական շահը հետապնդող, Գյումրին սիրող, ո՛չ թե թալանող, Գյումրու զարգացման և բարօրության մասին մտահոգ, ուժեղ համայնքի ղեկավար և կարողունակ քաղաքական թիմ, որին ընտրելու հնարավորություն դուք ունենալու՛ եք` այս փուլում ակտիվ մասնակցելով Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններին, իսկ հետագայում` այն ամրագրելով Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրությունների ժամանակ»։