Հետևեք մեզ։

Կարծում էինք, որ ՀԱՊԿ-ը կօգնի մեզ պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, բայց անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հիասթափություն. Միրզոյան

14:57, 09 դեկտեմբեր 2024
Կարծում էինք, որ ՀԱՊԿ-ը կօգնի մեզ պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, բայց անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հիասթափություն. Միրզոյան

Ֆինլանդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական «Lännen Media» լրատվական գործակալությանը, որի արդյունքում նախարարի հարցազրույցը ներառող՝ «Մենք ցանկանում ենք ավելի մոտենալ Ֆինլանդիային և մյուս ժողովրդավար երկրներին» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է ֆիննական չորս օրաթերթերում։ 

 

Միրզոյանի հարցազրույցի մի հատվածը՝ ստորև.

 

«Ֆորմալ առումով, մենք դեռևս ՀԱՊԿ-ի մաս ենք կազմում, բայց հայտարարել ենք, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպության գործունեությանը:  Տասնամյակներ շարունակ մտածել եք, որ ռազմական առումով պետք է լինենք այս ռազմական դաշինքում, քանի որ ունեցել ենք ընդհանուր սպառնալիքներ, որոշ մտահոգություններ՝ կապված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և անկախության դեմ հնարավոր ագրեսիայի հետ: Մենք կարծում էինք, որ այս կազմակերպությունը կօգնի մեզ պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

 

Ցավոք, վերջին տարիներին մենք ականատես ենք եղել մի քանի հարձակումների և խախտվել են մեր միջազգայնորեն ճանաչված սահմանները: Երբ դա տեղի է ունեցել, մենք երբեք իրական աջակցություն չենք ստացել: Այդպիսի պարտավորություններ ունեցող դաշնակիցները պետք է օգնեն միմյանց, ռազմական դաշինքի իմաստը հենց դա է։

 

Այս անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հսկայական հիասթափության: Դա, հիրավի, փոխեց Հայաստանում հասարակական կարծիքը: Դա յուրահատուկ վիճակ է ստեղծել: Մենք գտնվում ենք մի մեծ գործընթացի մեջ: Թե ուր կտանի մեզ այս գործընթացը, չեմ կարող կանխատեսել, բայց կարող եմ ասել, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները  եվրոպացի գործընկերների հետ տարբեր ոլորտներում: Խոսքը գնում է տնտեսության, տնտեսական դիմակայունության, ինչպես նաև քաղաքական երկխոսության և փոխըմբռնման մասին: Կա ԵՄ ներգրավվածություն անվտանգության հարցերում, Հայաստանի անվտանգության միջավայրում: Մենք ԵՄ-ի հետ ունենք քաղաքական և անվտանգության երկխոսության ձևաչափ: Հայաստանում տեղակայված է ԵՄ առաքելությունը, որը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս զարգացումները մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները