Խաղաղության հասնելու համար Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի: Այս մասին «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտները» միջոցառմանը ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու երկու հիմնական խոչընդոտ կա, որոնցից մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ է.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու երկու հիմնական խոչընդոտ կա։ Դրանցից մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ է։ Այս խոչընդոտն արտացոլվել է նաև Հայաստանի Անկախության ակտում։ Այնտեղ որպես հիմք ընդունված է «Ղարաբաղը Հայաստանի մաս է կազմում» դրույթը»։ Հարցն այն է՝ խոսում ենք խոսելու համար, թե՝ ոչ»,- ասել է պաշտոնյան։
Նա որպես երկրորդ խոչընդոտ նշել է այն, որ բանակցային սեղանի շուրջ հայկական պատվիրակության անդամները խոսում են տարբեր դիրքերից․ «Հայկական պատվիրակության անդամները բանակցային սեղանի շուրջ չունեն միասնական դիրքորոշում»։
Փոխնախարարը հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը վերջնական համաձայնության կգան, և Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի։
Հիշեցնենք, որ հայկական կողմից հիմնական բանակցող անձինք են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։