Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն արձագանքել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև Սրբազանի վերաբերյալ մամուլի այսօրվա հրապարակմանը։
«Պարգև արքեպիսկոպոսը գտնվում է բժիշկների հսկողության ներքո և, պայմանավորված առողջական վիճակով, անկարելի է նրա ապահով վերադարձը հայրենիք։ Սրբազան Հոր վաստակը Հայոց Եկեղեցու անդաստանում, հատկապես արցախյան ազատամարտում և անկախ Արցախի կայացման գործում, նշանակալի է և անուրանալի։
Պետք է լինել արդարամիտ ու երախտագետ և անհնարինության պարագայում գեթ ձեռնպահ մնալ նման նյութերով մեր ժողովրդի կողմից սիրված և հարգված եկեղեցականին վարկաբեկելուց և նրա անձի հանդեպ նման տրամադրություններ ձևավորելուց։
Աղոթում ենք Սրբազանի շուտափույթ ապաքինման համար և սիրով սպասում Մայր Աթոռ նրա վերադարձին»,- ասված է պարզաբանման մեջ։
Հիշեցնենք՝ «Հրապարակ» թերթը գրել էր, թե «Պարգև Սրբազանը սպասում է գրին քարտ ստանալուն»։ «Մեզ ասացին, որ նա սպասում է գրին քարտ ստանալուն, որ սրտի փոխպատվաստման ենթարկվի, քանի որ ԱՄՆ-ում գրին քարտ ունեցողներն անվճար են վիրահատվում: Մայր Աթոռի հետ կապեր ունեցող մեր զրուցակիցն ասաց, որ Էջմիածնում քչերն են հավատում, որ Պարգեւ սրբազանը կվերադառնա Հայաստան», - գրել էր թերթը։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ