ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան շենքին բարձրացվել է Սիրիայում իշխանությունը վերցրած ընդդիմադիր զինյալների դրոշը։
Այսպիսով, Սիրիայի պետական դրոշի վրայի կարմիրը փոխարինվել է կանաչով, իսկ սպիտակ հատվածի վրայի աստղերը կարմիր են և երկուսի փոխարեն՝ երեքը։
Սիրիայի հակակառավարական ուժերը Հոմս քաղաքը գրավելուց հետո առանց դիմադրության հանդիպելու դեկտեմբերի 8-ին գրավել էին մայրաքաղաք Դամասկոսը։ Նախագահ Բաշար ալ-Ասադը հեռացել էր երկրից՝ կառավարման լիազորությունները փոխանցելով վարչապետին:
ՌԴ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ հրահանգելով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։
Ռուսական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, և որ Ռուսաստանը նրանց ապաստան է տրամադրել՝ հումանիտար նկատառումներից ելնելով: